Երևան
23 / Սեպտեմբեր / 2019

Արցախում կկայանա «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային երիտասարդական 4-րդ գիտաժողովը․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Yelaket.am-ի զրուցակիցը ԱԵԳՄՄ նախագահ, «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային երիտասարդական 4-րդ գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանն է:

1.Ներկայացնել կոնֆերանսը՝ ի՞նչ գաղափար և կառուցվածք ունի։


- Գիտաժողովն իր ձևաչափով միջազգային երիտասարդական է և հետապնդում է մի քանի կարևոր նպատակներ, մասնավորապես՝ քննարկել հայոց պետականության հետ կապված արդիական հիմնախնդիրներ, խթանել ասպիրանտների ու երիտասարդ գիտնականների գիտական հակումները, նպաստել նրանց մասնագիտական զարգացմանը, ինչպես նաև Արցախը դարձնել գիտական հիմնախնդիրների քննարկման տարածաշրջանային, ինչու չէ նաև՝ միջազգային կենտրոն: Գիտաժողովը հասարակագիտական ուղղվածության է, որին զեկույցներով հանդես են գալիս ինչպես անվանի, այնպես էլ երիտասարդ գիտնականներ ու մասնագետներ:
Իսկ ընդհանրապես, մեր Կազմակերպության հիմնական առաքելությունն է գիտության միջոցով Արցախը ճանաչելի դարձնել արտասահմանում, ինչպես նաև օտարերկրյա գիտնականներին դարձնել Արցախի գիտության դեսպաններն իրենց երկրներում:

2. Որո՞նք են կոնֆերանսի հաջողությունները։

- Այն, որ արդեն 4-րդ անգամն է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպվում է նման միջոցառում, խոսում է գաղափարի պահանջվածության, հետևողականության ու հաջողության մասին: Դրանից զատ, նախորդ 3 գիտաժողովներին մասնակցել են ավելի քան 250 մասնակիցներ աշխարհի մեկ տասնյակից ավելի երկրներից, ինչը տարեցտարի ավելանում է:

3. Ի՞նչ դեր, նշանակություն և կարևորություն ունի կոնֆերանսը և ի՞նչ հաճախականությամբ է անցկացվում։
- Գիտաժողովը կազմակերպվում է տարին մեկ անգամ՝ սեպտեմբերին: Մինչ օրս դրանք կազմակերպվել են Արցախի և Հայաստանի անկախության օրերի միջակայքում՝ դրանով իսկ նշանավորելով այդ երկու կարևոր տոներն ու մեր համեստ ներդրումը բերելով հայոց պետականությանն առնչվող հիմնախնդիրների քննարկմանը: Գիտաժողովի նշանակությունը կանայում է նրանում, որ օտարերկրյա անվանի գիտնականներն իրենց խոսքը հնչեցնում են հենց Արցախից, ինչը նրանց կողմից Արցախը ճանաչելու փաստ է, ինչպես նաև կոչ աշխարհի ինտելեկտուալ հատվածին՝ այցելել Արցախ, առնչվել օբյեկտիվ իրականության հետ և համոզվել, որ երկրորդ հայկական հանրապետությունը ոչնչով չի զիջում ինչպես ճանաչված, այնպես էլ հարևան երկրին, որն անհիմն տարածքային ու այլ պահանջներ է ներկայացնում հայերին:

4. Ովքե՞ր և ինչպե՞ս կարող են մասնակցել:

- Գիտաժողովին կարող են մասնակցել ինչպես Արցախի և Հայաստանի, այնպես էլ արտասահմանյան բուհերի ու գիտահետազոտական կենտրոնների ասպիրանտները / հայցորդները, երիտասարդ գիտնականներն ու մասնագետները (մասնակիցը պետք է լինի մինչև 35 տարեկան, բացառությամբ Կազմակերպության կողմից հրավիրյալ գիտնականների):
Այս տարվա գիտաժողովին մասնակցության հայտ են ներկայացրել 120-ից ավելի մասնակիցներ աշխարհի 8 երկրներից՝ Գերմանիա, Ֆրանսիա, Լեհաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Հարավային Օսեթիա, Հայաստան և Արցախ: Մասնակիցների շարքերում կան անվանի գիտնականներ, որոնց ունկնդրելն արդեն մեծ պատիվ ու հաջողություն է:

5. Որտե՞ղ է անցկացվելու, ովքե՞ր են կազմակերպիչները և կա՞ աջակցություն կոնֆերանսի անցկացմանը։

- Արդեն երկրորդ տարին է, ինչ գիտաժողովն անց է կացվում Ստեփանակերտի լավագույն՝ Վալլեքս Գարդեն հոթելի մեծ ու փոքր կոնֆերենս դահլիճներում, որտեղ ստեղծված են բոլոր՝ այդ թվում տեխնիկական պայմանները ջերմ մթնոլորտում ակտիվ քննարկումներ կազմակերպելու համար:
Ինչպես արդեն ենթադրելի է, գիտաժողովի կազմակերպիչն «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունն է, համակազմակերպիչները` Երևանի պետական համալսարանը և Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանը: Գիտաժողովի ֆինանսական աջակիցներն են ԱՀ կառավարությունը, ՀՀ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն և «Վալլեքս Գարդեն հոթել» ՓԲԸ-ն, որոնց էլ հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը մեր գաղափարներին հավատալու և նախաձեռնություններին մշտապես սատարելու համար:
Ի դեպ, մեր տեղեկատվական գործընկերներն են՝ Ելակետ և Երևաննյուզ լրատվական կայքերը, «Արցախպրես» լրատվական գործակալությունը, Արցախի հանրային հեռուստատեսությունը և Наша среда առցանց կայքը:

6. Այս տարին ինչ որ կերպ կտարբերվի՞ նախորդ տարիներից

- Նախ, գիտաժողովը հոբելյանական է և նվիրել ենք Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակին՝ այսպիսով մեր հարգանքն ու երախտագիտությունը հայտնելով Հայաստանի Մայր բուհին՝ տարիներ շարունակ Կազմակերպությանը տարաբնույթ նախագծերում ցուցաբերած աջակցության համար:

Գիտաժողովն աննախադեպ է նաև նրանով, որ մեծ է մասնակիցների թիվը՝ նախապես պլանավորված 50 մասնակցի փոխարեն հայտ են ներկայացրել 120-ից ավելի մասնակիցներ, որոնցից մոտ 110 հրավիրվել է մասնակցելու գիտաժողովին:
Գիտաժողովի շրջանակներում առաջին անգամ տեղի է ունենալու պարգևատրման արարողություն. խոսքն «Արցախի գիտության դեսպան» կոչման և համանուն մեդալի մասին է, ինչի մասին մենք խոսել ենք դեռևս 2016թ. կայացած առաջին գիտաժողովի ժամանակ. այն տարիների ընթացքում հասունացել և այժմ արդեն իրականություն է:

Նշենք, որ «Արցախի գիտության դեսպան» կոչում և մեդալ շնորհվում է այն անձանց, որոնք նշանակալի ավանդ ունեն գիտական հետազոտությունների, գյուտերի, գիտական դիվանագիտության զարգացման ու տարածման միջոցով Արցախն աշխարհին ճանաչելի դարձնելու գործում, ինչպես նաև այլ ակնառու ծառայությունների համար՝ ի նպաստ ղարաբաղյան հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորման և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման:

Այս կոչումից ու մեդալից զատ մեր կողմից հիմնվել է նաև «Արցախի գիտության մեկենաս» կոչում և մեդալ, որը շնորհվում է Կազմակերպության նախագծերի իրականացմանն աջակցելու միջոցով Արցախում գիտության զարգացմանն ու գիտատեխնիկական առաջընթացին նպաստող կարևոր ձեռնարկումները մեկենասելու ու գիտության բնագավառում ակնառու բարեգործությունների համար:

Իսկ թե ովքեր կարժանանան այդ կոչումներին ու համանուն մեդալներին, կհայտնենք գիտաժողովի ավարտին:

դիտվել է 6324 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հոգևորականը մարդ է, որը իր նույնիսկ զգեստի մեջ կրում է մի ժողովրդի հոգևոր ինքնության գենետիկ հիշողու...

Նիկոլ Փաշինյանը սաստեց Մանվել Գրիգորյանի օգնականին

Տեսանյութ. Խորհրդանշական է, որ այս գրքույկի վրա նկարված է Հայկ Նահապետը` հայ ազգի հիմնադիրը. Սրբազան...

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա