Երևան
16 / Հոկտեմբեր / 2019

Տհաճ անակնկալ Նիկոլ Փաշինյանի համար. Վանեցյանի ամենաաղմկոտ «բացահայտումը»

Lragir.am—ը գրում է․ Երեկվա ասուլիսին Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեցին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի պաշտոնանկության մասին, որին ի պատասխան նա հայտարարեց, թե ստորագրել է միջնորդագիրը, Վանեցյանի հետ խոսել են նրա հետագա գործունեության մասին, եւ աշխատանքից ազատման հրամանագիրը կլինի 1-2 օրվա ընթացքում:

Քիչ անց սակայն Արթուր Վանեցյանը հայտարարություն տարածեց, որն ակնհայտորեն տհաճ անակնկալ էր վարչապետի համար, հատկապես ձեւակերպումների առումով: Մասնավորապես, նա հայտարարեց, թե առաջին անգամ է լսում նման բան, որ Վանեցյանը սպայի պատվի հետ խնդիր է ունեցել:

Ավելի ուշ կոշտ արձագանքեց վարչապետի մամուլի խոսնակը, հայտարարելով, թե «գեներալ Վանեցյանին հորդորում ենք չկորցնել սպայի արժանապատվությունը, որին ինքը հղում է անում»։

Արթուր Վանեցյանը հստակ նշել էր իր հրաժարականի պատճառը. «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը», հայտարարել էր Արթուր Վանեցյանը, ավելացնելով, որ իր համար Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից:

Փաստացի, Արթուր Վանեցյանը հայտարարում է, որ համաձայն չի եղել տարվող քաղաքականության ոճի ու մեթոդաբանության հետ: Այս պարագայում բնական է, որ պետք է հրաժարական տար, քանի որ ԱԱԾ-ն վարչապետի ենթակայության կառույց է: Մյուս կողմից, նրա հայտարարության մեջ ակնարկվում է, որ ստացել է ինչ որ հրահանգներ, որոնք հարիր չեն սպայի պատվին ու արժանապատվությանը:

Վարչապետը Վանեցյանի ազատման պատճառներ չի նշել, հղում անելով հատուկ ծառայությունների աշխատանքի առանձնահատկություններին: Մամուլում վարկածներն այնքան էլ շատ չեն, խոսվում է ինչ որ «դոսյեների» մասին: Մի բան ակնհայտ է, որ տարաձայնությունները եւ խնդիրները կուտակվել էին վաղուց, եւ ինչ որ հրահանգ կամ իրադարձություն արագացրել է Վանեցյանի հրաժարականը:

Վանեցյանի հայտարարությունը մեկ այլ առումով էլ էր տհաճ վարչապետի համար: Բանն այն է, որ ԱԱԾ արդեն նախկին պետը, ամենաբարձր վարկանիշն ունեցող ու ամենատեղեկացված պաշտոնյաներից մեկը փաստացի հաստատում է ընդդիմության թեզերից մեկը՝ կապված պետականաշինության հարցում կառավարության ու վարչապետի «անտրամաբանական գործունեության» հետ: Մի բան է, երբ դա ասում է ընդդիմությունը, մի բան՝ ԱԱԾ ղեկավարը:

Վանեցյանի հրաժարականը տարբեր արձագանքներ է ունեցել հանրային տարբեր շերտերի շրջանում: Խոսակցություններ կան, որ հերթը կարող է հասնել նաեւ մյուս ուժայիններին: Դրանց համար առիթ են դարձել ուժայինների հանդեպ իշխանության քննադատությունները եւ Ազգային ժողովում քննարկվող օրինագիծը ԱԱԾ եւ ոստիկանության ծառայության մասին: Ըստ դրա՝ ղեկավար պաշտոններում կարող են նշանակվել նաեւ ոչ համակարգի ներկայացուցիչները:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 154947 անգամ

Երեխան, լացելով ձեռքս բռնեց, ասաց՝ խնդրում եմ շտապ օգնություն մի կանչեք. Դավիթ Սանասարյան

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը