Երևան
06 / Դեկտեմբեր / 2019

Փաշինյան-Պուտին զրույց Երեւանում. ինչպես ստիպեցին Սերժ Սարգսյանին

Lragir.am-ը գրում է․ ԵՏՄ Վեհաժողովի շրջանակում Պուտինի երեւանյան այցը եւ դրա ընթացքում նաեւ հանդիպումը վարչապետ Փաշինյանի հետ, տարբեր տեղեկատվական եւ քարոզչական հարթակներում աշխուժացրել է թավշյա հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերության վերաբերյալ մեկնաբանություններն ու գնահատականները:

Մասնավորապես նկատելի է, թե նախկին իշխանությանը հարող այս կամ այն շրջանակները, ելնելով իրենց արդեն բավական հայտնի մարտավարությունից, ինչպես են «արձանագրում» հայ-ռուսական հարաբերության «տապալումը»:

Այստեղ սակայն կարող է լինել ոչ միայն պարզ մարտավարական հակաքարոզչության տրամաբանություն, այլ նաեւ հոգեբանություն: Շատերը տեսել են այն հարաբերությունը, որ եղել է նախկինում, եւ գուցե անկեղծ համոզված են, որ չի կարող լինել այլ կերպ եւ այլ կերպը հավասարազոր է «տապալման»:

Օրինակ, Հայաստանի որեւէ իշխանություն չի կարող ամեն հարցում չհայտնել իր անվերապահ համաձայնությունը ՌԴ նախագահի կամ իշխանության հետ, կամ Հայաստանի որեւէ իշխանություն չի կարող որեւէ քայլ անելիս 110 տոկոսով չհամոզվել դրա վերաբերյալ Ռուսաստանի իշխանության կամ Պուտինի հավանության ու բարյացկամության մեջ:

Այն, որ հայ-ռուսական հարաբերության, եւ ընդհանրապես միջպետական հարաբերությունների առնչությամբ հոգեբանական, արժեհամակարգային այսպես ասած առանձնահատուկ մեծապետական հոգեբանություն կա նաեւ ռուսական էլիտայում, անկասկած է: Բայց ամբողջ հարցն այն է, թե ինչ պետք է անի Հայաստանը՝ տուրք տա եւ հարմարվի՞ այդ հոգեբանությանը, թե՞ այդուհանդերձ փորձի հնարավորինս փոխել իրավիճակը՝ ստեղծել այդ ջանքը գործադրելու նախադրյալ եւ հնարավորություն եւ օգտագործել այն:

Տուրք տալն ու հարմարվելը, օրինակ, Հայաստանին հանգեցրեց ապրիլյան քառօրյա պատերազմի, որի աղաղակող «առանձնահատկությունն» այն էր, որ դա Հայաստանի այսպես ասած ռազմավարական դաշնակցի ձեռքով եւ զենքով նախապատրաստված պատերազմ էր, երբ մյուս ձեռքով էլ այդ դաշնակիցը գործնականում չեզոքացնում էր Հայաստանի քաղաքական սուբյեկտությունը եւ դրա շնորհիվ ռեգիոնալ ռազմա-քաղաքական բալանսը պահելու Հայաստանի ջանքը:

Ի դեպ, հետաքրքիր է այն, որ հենց այդ ժամանակ էլ Սերժ Սարգսյանի դեմ իրականացվող քարոզչության մի զգալի մասը, որ «համակարգվում» էր հայտնի «ոչիշխանական» ներհամակարգային բեւեռից, անդադար տարփողում էր, որ Սարգսյանն է փչացրել հայ-ռուսական հարաբերությունը, կորցրել Պուտինի վստահությունը եւ այլն: Դրա հետեւանքը եղավ այն, որ Սերժ Սարգսյանին գործնականում նաեւ այդ կերպ մղեցին անկյուն, ստիպելով տուրք տալ հենց այն հոգեբանությանն ու իրողություններին, որով Հայաստանի հանդեպ ապրում էր ռուսական էլիտան:

Թեեւ, այստեղ իրավիճակն ու արմատները շատ ավելի խորն են, քան Սերժ Սարգսյանի նախագահությունը: Ռուսական էլիտան Հայաստանի հաշվին ռեգիոնալ քաղաքականության եւ ադրբեջանական սիրախաղի տրամադրվում էր դեռեւս 2004 թվականից, թեեւ Ռոբերտ Քոչարյանը մինչ այդ բավականին գոհացրել էր Ռուսաստանին Հայաստանի ռազմավարական կարողություններով:

Այդուհանդերձ, 2004 թվականից՝ կրտսեր Ալիեւի իշխանությունից սկսած, Ռուսաստանը բարձր մակարդակի ինտենսիվ շփումներ հաստատեց Բաքվի հետ եւ շրջանառության մեջ դրվեց «ռազմավարական գործընկերություն» տերմինը:

Բանն այն է, որ այստեղ խնդիրը անշուշտ Հայաստանի՝ այսպես ասած «լսող-չլսող» լինելը չէ, այլ ռուսական քաղաքական մտածողությունն ու հոգեբանությունը, եւ «հարմարվող» քաղաքականության պարագայում դրա ռիսկերը ոչ թե չեզոքանում են, այլ հակառակը՝ այդ մտածողության կրող շրջանակները ստանում են իրենց այսպես ասած իրավացիության համոզիչ «փաստարկ», որն էլ դրվում է շարունակվող քաղաքականության հիմքում, որ Հայաստանի հանդեպ հնարավոր է ամեն ինչ, միեւնույն է, հարմարվելու են:

Դա այն դեպքում, երբ այդ մտածողությունը գործնականում լրջորեն քայքայում է հենց նույն ռուսական ռեգիոնալ քաղաքականության հիմքը: Բայց դրա հետեւանքը ռուսները զգում են ծայրահեղ, սահմանային իրավիճակներում, ինչպես օրինակ նույն ապրիլյան քառօրյան, բայց ըստ երեւույթին մոռանում շատ արագ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում  

դիտվել է 95286 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի մասին

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

«Քաղաքապետարանի շենքը թատրոնի շենք չէ՝ իր դերով». Ծառուկյանը՝ Հայկ Մարությանին

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին