Երևան
18 / Հուլիս / 2019

Ադրբեջանական կողմը, որը գեթ մեկ գյուղ չէր գրավել, այս մի քանի հարյուր մետր տարածքի գրավումն օգտագործեց որպես հոգեբանական զենք

Այսօր «Yelaket.am»-ը զրուցեց քաղաքագետ Գագիկ Համաբարյանի հետ: Զրույցի ընթացքում քաղաքագետը խոսեց Սերժ Սարգսյանի` Վիեննա կատարած այցի շուրջ տպավորությունների վերաբերյալ արված հայտարարությունների մասին: Իրեն ուղեկցած լրագրողներին օդանավում տված հարցազրույցի ընթացքում նախագահը իր գոհունակությունն էր հայտնել` համարելով հանդիպումը խոստումնալից:

«Իմ կարծիքով ՀՀ նախագահի հայտարարությունը` խոստումնալից լինելու առումով ավելի շատ կապված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշման հետ, որոնք, կարելի է ասել, որ պաշտպանեցին նախագահի առաջադրած երեք նախապայմաններից երկուսը` դա զինադադարի խախտման դեպքերի հետաքննության մոնիտորինգի պահն է և այսօր հասցեական մեղադրանքներով հանդես գալը, որը բխում է առաջին նախապայմանից:

Սակայն պետք է նշեմ, որ մենք չպետք է ուրախանանք այս հանդիպման արդյունքներից, որովհետև մենք գործ ունենք թուրքի հետ, իսկ թե ինչ է ներկայացնում իրենից թուրքը, երևաց երեկոյան բանակցությունների ավարտից հետո, երբ որ ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով զինադադարը, կրկին ռմբակոծեց մեր դիրքերը, որի հետևանքը եղավ մեր քսանամյա զինվորի կորուստը:

Համենայնդեպս, եթե ադրբեջանական կողմը մինչև այս հանդիպումը շարունակ կրկնում էր, որ միակ բանակցության թեզը պիտի լինի ադրբեջանական օկուպացված տարածքների ազատագրումըը, այդ թվում նաև Ղարաբաղի, ի չիք դարձան, որովհետև բանակցային գործընթացում երևաց, թե իրականում Մինսկի խմբի համանախագահ երկրները ինչ դիրքորոշում ունեն:

Այս ընթացքը Հայաստանի իշխանությունները պիտի օգտագործեն սխալների ուղղման համար, իսկ դրանք բավական շեշտակի են և շատ մեծ: Մեր սխալներն առկա են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ, երբ որ բանակում պարզվում է` ութսունականների զենքով են մարտնչում, մինչդեռ Ադրբեջանը զինված է 21-րդ դարի սկզբի զինտեխնիկայով: Ես համարում եմ դեմագոգիա և տգիտություն այն մարդկանց հայտարարությունները, թե իբր ութսունականների զենքերն ավելի լավն են: Պետք է նշեմ արտաքին քաղաքականության ոլորտում մեր սխալները, երբ որ մենք անընդհատ, չգիտես ինչու, պաշտպանական դիրքերից ենք հանդես գալիս այն դեպքում, երբ մենք պիտի նախաձեռնող լինենք և թույլ չտանք, որ ադրբեջանական կողմը ավելի ագրեսիվ հայտարարություններ անի»:

Զրույցի ընթացքում քաղաքագետը անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի տարածքային կորուստների մասին արած հայտարարությանը:


«Բացարձակ նորմալ չէ, որ մենք տարածք ենք կորցրել: Տարածքային կորուստները բերեցին նրան, որ ադրբեջանական կողմը, որը գեթ մեկ գյուղ չէր գրավել, այս մի քանի հարյուր մետր տարածքի գրավումն օգտագործեց որպես հոգեբանական զենք` հասարակությանը համոզելու, որ անպարտ հայկական բանակին կարելի է պարտության մատնել` փորձելով ձերբազատել 22 տարի պարտվածի բարդույթով տառապող ադրբեջանական ժողովրդին այս խնդրից և փորձ կատարեց ուժեղի դիրքից հանդես գալ բանակցային գործընթացում:

Նույն Թալիշ գյուղի մոտ գտնվող բարձունքը, նույն Լելե Թեփեն բավական կարևոր տարածքներ են, և չի կարելի ասել, թե սրանք ռազմավարական կամ մարտավարաան առումով կարևոր նշանակություն չունեն: Կարծում եմ` Թալիշն ու Մատաղիսը ադրբեջանական ապագա ոտնձգություններից ապահովագրելու համար թե ՛ մեր, թե ՛ Արցախի իշխանությունները պետք է մտածեն Թալիշ գյուղի մոտ գտնվող բարձունքը շուտափույթ ազատագրելու մասին»:

դիտվել է 8616 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ․Օրվա կադր Ռաֆայել Երանոսյանի մասնակցությամբ

Ուշադրություն. մայր ու դուստր որոնվում են որպես անհայտ կորած

Տեսանյութ. «Միսս աշխարհ Արմենիա» մրցույթի ամենահետաքրքիր պահերը

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է