Երևան
14 / Հոկտեմբեր / 2019

ԶՈՒ գեներալները ուշագրավ տվյալներ են հայտնել Խաչատուրովի՝ Ապրիլյան պատերազմին մասնակցության վերաբերյալ

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ–մայոր Արտակ Դավթյանը և ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի ղեկավար, գեներալ-մայոր Արիս Բրուտյանը ուշագրավ տվյալներ են տրամադրել 2016թ. ապրիլյան ռազմական գործողություններին ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի մասնակցության վերաբերյալ։ Հիշյալ փաստաթղթերն հոկտեմբերի 7-ին, Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի գործով նախնական դատական նիստում դատարանին ներկայացրեց Խաչատուրովի ներկայացուցիչ, փաստաբան Անահիտ Սարգսյանը։

Նշենք, որ Խաչատուրովի ներկայացուցիչը դեռևս նախորդ տարի հարցում էր ուղարկել Արտակ Դավթյանին՝ հետաքրքրվելով, թե Յուրի Խաչատուրովը 2016թ. ապրիլի 2–ին հակառակորդի գործողությունների մասին տեղեկություն ստանալուց հետո որքա՞ն ժամանակ անց է եղել իր աշխատանքի վայրում և անցել իր պարտականությունների կատարմանը։


Ի պատասխան փաստաբանի հարցման՝ Արտակ Դավթյանը հայտնել է, որ 2016թ. ապրիլի 2–ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում է եղել Յուրի Խաչատուրովը, ով, ստանալով տեղեկատվություն հակառակորդի՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի նախահարձակ գործողությունների մասին, 20-25 րոպե հետո՝ ժամը 03:10–03:15–ի սահմաններում ներկայացել է ծառայության վայր և զինված ուժերի կառավարումն իրականացրել անմիջապես իր կառավարման կետից։

Գլխավոր շտաբի պետը միաժամանակ հայտնել է, որ իր պատասխանը հիմնավորող փաստաթղթերի պատճենները չի կարող տրամադրել, քանի որ դրանք պարունակում են գաղտնի տեղեկություններ։

Փաստաբանական հարցման է ենթարկվել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի ղեկավար, գեներալ-մայոր Արիս Բրուտյանը, ով ևս տիրապետում է 2016թ. ապրիլյան պատերազմի մասին անհրաժեշտ տեղեկությունների։

Ի պատասպան հարցման՝ Արիս Բրուտյանը նույնպես հաստատել է, որ Յուրի Խաչատուրովը հակառակորդի գործողությունների մասին տեղեկանալուց հետո՝ ապրիլի 2–ին ժամը 03:15–ի հատվածում եղել է իր աշխատավայրում։

Հարցին, արդյոք եղե՞լ է դեպք, երբ Յուրի Խաչատուրովը ապրիլի 2-5–ը ընկած ժամանակահատվածում անհարգելի բացակայի իր ծառայության վայրից և խուսափի իր պարտականությունների կատարումից, Բրուտյանը բացասական պատասխան է տվել.

«Խաչատուրովը շուրջօրյա եղել է հրամանատարական կետում»։

Փաստաբանը հետաքրքրվել է նաև, թե Խաչատուրովի կամ այլ բարձրաստիճան սպաների գործողությունները հնարավորություն տվե՞լ են ենթադրելու, որ վերջիններս հակված են նրան, որ Ապրիլյան պատերազմի օրերին հայկական զինված ուժերը տարածքներ զիջեն, իսկ արդեն գրավվածները հետ չվերադարձնեն։

Ի պատասխան՝ բարձրաստիճան զինվորականը հայտարարել է, որ նման խոսակցություն չի եղել և վերադասի կողմից նման հրամաններ չեն ստացել։ «Եղել է կարգադրություն՝ պլանավորել և հետ վերցնել հակառակորդի կողմից գրավված դիրքերը, ընդ որում, հնարավորինս շտապ»,–ասել է Արիս Բրուտյանը։

Խաչատուրովն ընդդեմ Գրիգորյանի գործով այսօրվա նախնական նիստում Խաչատուրովի ներկայացուցիչը հայտարարեց, որ բարձրաստիճան զինվորականների կողմից ներկայացված պատասխանները ևս մեկ անգամ հերքում են Գրիգորյանի կողմից՝ Խաչատուրովին հասցեագրված մեղադրանքները։

Նշենք, որ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը դեռևս նախորդ տարի տված իր մամլո ասուլիսներից մեկում անդրադարձել էր 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի մասին՝ ասելով, թե որոշ գեներալներ չեն եղել իրենց տեղում, կարճ ժամանակում չեն եկել աշխատավայր, ինչպես նաև՝ մեղադրանքներ էր հնչեցրել, որ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին որոշ տարածքներ վաճառվել են ՀՀ գեներալների՝ այդ թվում Յուրի Խաչատուրովի կողմից: Այս հրապարակումներից հետո Յուրի Խաչատուրովը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ Ստեփան Գրիգորյանի կողմից իր պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջներով։

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվել է 2018թ. նոյեմբերի 2-ին։ Նա մեղադրվում է «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար։ Նրա և ևս երեք բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ գործը ներկայումս քննվում է դատարանում։

դիտվել է 46719 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

«Կարողա ես վատ ճաշակ ունեմ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարին

Տեսանյութ. ՀՀ-ում 40 հազար աղջիկ երեխա չի ծնվել

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը