Երևան
12 / Նոյեմբեր / 2019

Հազվագյուտ դեր է, որ ես չեմ կարողանում ընդհանրություն գտնել դերիս հետ․ Շողեր Գրիգորյան

Yelaket.am/ Եալկետ լրատվական-ի զրուցակիցն է դերասանուհի Շողեր Գրիգորյանը, որը կիսեց մեզ հետ իր խոհերը մանկության ամենավառ հիշողության, մասնագիտության, ընտանիքի ամրության և «Քաոս» ֆիլմում մարմնավորած կերպարի մասին:

 -Ո՞րն է Ձեր մանկության ամենավառ հիշողությունը:

-Իմ ընտանիքը բազմամարդ էր, բազմանդամ: Ես ունեմ երկու քույր, մի եղբայր: Իմ հիշողությունները մանկությունից հեքիաթի պես են: Քույրերս ինձնից մեծ էին, ես անընդհատ եղբորս հետ եմ եղել խաղերի ընթացքում,ապրել եմ տղային հատուկ աշխույժ կյանքով: Ես շատ համարձակ էի, ոչնչից վախ չունեի: Շատ բարձր տեղերից կարող էի սահել և շատ հետաքրքիր վայրերում հայտնվել: Նույնիսկ իմ մանկության դժվարություններն են հետաքրքիր եղել: Երբ լքված կենդանի էի գտնում, բերում էի տուն, մայրիկին համոզում էի, լողացնում, մի քանի օր պահում էի, հետո նորից կենդանին վերադառնում էր իր կյանքին: Ես իրականում շատ շնորհակալ եմ իմ ծնողներին, ընտանիքին, որ ազատ մանկություն եմ ունեցել:

-Ավելի շատ զգացմունքայի՞ն եք, թե՞ բանական:

-Ես ավելի շատ զգացմունքային մարդ եմ: Բայց տարիների ընթացքում փորձել եմ ինձ «վերադաստիարակել», տանելով ինձ դեպի «անական» մարդը: Բայց միշտ պահել եմ չափը, որովհետև եթե ամբողջությամբ կորցնեմ զգացմունքայնությունս, չեմ կարող խաղալ: Կարծում եմ՝ իմ մասնագիտության համար զգացմունքային լինելը առաջնահերթ է, բայց կյանքում ապրելու համար շատ կարևոր է բանական լինելը, սթափ դատելու կարողություն ունենալը: Դրա համար ես միշտ փորձել եմ վերահսկել ինձ, իմ զգացմունքայնությունը:

-Մասնագիտություն ընտրելիս ի՞նչն եք կարևորել:

-Ես առաջնորդվել եմ սիրո հանգամանքով՝ ինչն եմ ես սիրում:Ես միշտ սիրել եմ թատրոնը, կինոն ու առաջնորդվել եմ նրանով, թե ինչն է իմ հոգուն հարազատ: Ճիշտն ասած՝ ես լավ էի սովորում դպրոցում, և իմ ուսուցիչների համար զարմանալի էր, որ ընտրեցի մի բան, որ փաստորեն դպրոցի հետ այնքան էլ առնչություն չի ունենա: Շատ ուսուցիչներ ափսոսում էին, բայց նաև ողջունեցին: Եթե հիմա ընտրեի, ես երևի հիմա ավելի շատ մտածում եմ՝ ի՞նչ անել, որպեսզի մարդկությանը ավելի շատ օգտակար լինել: Եթե իմ երեխաներին ուղղորդելու լինեմ, ես իրենց կասեմ՝ ընտրեք մասնագիտություն, որ մաքսիմալ օգտակար լինի հանրությանը, բայց ես, մեկ է, կընտրեի իմ մասնագիտությունը:

-Դուք սիրում եք փոփոխություններ:Դա բնույթ է,թե՞ մասնագիտության թելադրանք:

-Ես շատ սիրում եմ փոփոխություններ: Եթե դրանք չեն լինում իմ կյանքում, գալիս է մի շրջան, որ ես մտածում եմ մի տեղ եմ, որտեղ ինձ հետ ոչինչ չի կատարվում: Բայց երբ որ իրական փոփոխությունները գալիս են ,ես իրենց շատ լավ չեմ դիմավորում, որովհետև ես շատ կապվող եմ, ու սիրում եմ այն, ինչ որ ունեմ, այդ փայփայել:Երկակի զգացողություն ունեմ դրա հետ կապված:

-Թատրոնում ի՞նչն է կարևոր. հզոր դրամատուրգիան, փայլուն դերասանական խաղը, թե՞ վառ անհատականաություն լինելը:

-Հետաքրքիր կոմպոնենտներ եք նշել: Իրականում ինձ համար հզոր դրամատուրգիան հիմնային է: Ինձ թվում է, եթե կա լավ դրամատուրգիա, ուրեմն կա լավ թատրոն: Այսօր ինչու՞ է մեր հայկական թատրոնը մի քիչ փակուղի մտել, որովհետև չկա ժամանակակից լավ դրամատուգիա: Կամ «փողոցայինն» է, ինչը դասական արժեք չի դառնալու, իբրև ժամանակակից, բայց ինձ թվում է, դա արվեստի դեմ մեղանչում է, ոչ թե արվեստ:
Երբ խաղում ես լավ դրամատուրգի, շատ ջանք չես գործադրում, որովհետև տեքստն այնքան հզոր է, որ քեզ իր ետևից տանում է: Ժամանակակից դրամատուրգի խաղալիս, ես այնքան ջանք եմ գործադրել, նույնիսկ անգիր եմ արել ու չեմ կարողացել, որովհետև այն երկար մտածված չէ, այլ հորինված դրամատուրգիա է: Կան այդպիսի դրամատուրգներ, որոնք ծաղրանքով են վերաբերվում մեր դասական արժեքներին: Ինձ թվում է՝ քանի դեռ չի ստեղծվել ավելի մեծ արժեք,քան դասականն է, իրենք էլ քննադատելու իրավունք չունեն:Ես խաղացել եմ Բրեխտ, Դոստոևսկի, իրենք են քեզ տանում, ոչ թե դու իրենց:

-Ըստ Ձեզ՝ ի՞նչն է գերում մարդկանց, որպեսզի թատրոն հաճախեն:

-Կարծում եմ այն, ինչը մարդիկ իրենց կյանքում չունեն, չեն տեսնում,այսինքն ՝
առօրյայից բարձր, ինչպես բեմն է մի քանի աստիճան բարձր հանդիսատեսից, այդպես էլ պատկերացումն է թատրոնի մասին, որ այն բարձր է առօրյայից, կենցաղից: Այն խոսում է բարձր երևույթների մասին, դրանով էլ գրավում է հանդիսատեսին: Այսինքն՝ եթե հանդիսատեսը պիտի գնա իրեն տեսնի, իր առօրյան, հարաբերությունները, ինձ թվում է կարիք չկա գնալու,այդ ամեն ինչը հանդիսատեսն էլ է տեսնում իր տանը:

-«Քաոս» ֆիլմում Ձեր մարմնավորած կերպարի հետ ունե՞ք ընդհանրություններ:

-Հազվագյուտ դեր է, որ ես չեմ կարողանում ընդհանրություն գտնել դերիս հետ: Մարտան հենց այդ կերպարներից էր: Նույնիսկ մարդիկ եղան, որ զարմացան՝ ես կարող եմ այդպիսի՞ն էլ լինել: Բայց ռեժիսորները ավելի հեռատես են, ավելի լավ են պատկերացնում դերասանին դերի մեջ, քան դերասանը կարող է իրեն պատկերացնել: Երբ ռեժիսոր Հայկ Կբեյանը ինձ առաջարկեց դերը, ես սկզբում զարմացա, բայց հետո հասկացա, որ կարող է հետաքրքիր բան ստացվել: Իմ և Մարտայի տարբերությունն էր, որ ինձ հետաքրքրեց: Իսկ վերջում ինչ կատարվեց Մարտայի հետ՝ ապաշխարությունը, ինձ հոգեհարազատ էր, որովհետև ի սկզբանե ես ու Մարտան տարբեր ենք նաև կյանքը դիտարկելու տեսանկյունից: Բայց վերջում, երբ ապաշխարեց ու երեխայի մոտ գնաց, իմիջիայլոց , երեխայի մոտ գնալն էլ էր իմ առաջարկը, ես եմ խնդրել, որ ավելացնեն այդ տեսարանը:Ես կարծում եմ, որ Մարտայի փոփոխությունը ավելի լիարժեք կլինի, եթե կատարի այդ քայլը:Երբ իր մոտ կյանքի վերարժևորում է գնում,այդտեղ մենք ընդհանուր բան ունենք:Ես էլ եմ այդպիսի պահ ունեցել, ինչն էլ ,երևի մեր ընդհանրությունն էր:


-Ինչո՞վ է պայմանավորված ընտանիքի ամրությունը:

-Հիմնաքարը պիտի ճիշտ լինի: Երբ կինն ու ամուսինը ունեն ընդհանուր տեսիլք, այդ մարդիկ հեռու կգնան իրար հետ:Կա նման արտահայտություն.«արևորը ոչ թե որ ամուսինները իրար նայեն, այլ նույն ուղղությամբ»: Նույն ուղղությամբ նայելը պահում է իրար: Աստվածաշնչում գրված է, ինչպես պահել ամուր ընտանիք: Տղամարդկանց ասում է, որ սիրեն իրենց կանանց,իսկ կանանց՝ հնազանդ լինեն իրենց ամուսիններին: Կանանց չի ասում սիրեք, որովհետև մենք այսպես թե այնպես սիրում ենք, մեզ դժվար է չսիրել, բայց մեզ դժվար է հնազանդ լինել: Իսկ ամուսինները խնդիր ունեն մեզ սիրելու, այսինքն՝ միայն մեզ սիրելու:Իսկ հնազանդ կին լինել չի նշանակում չլինել կիրթ, խելացի, իր գործի տերը,հակառակը, դու այդ ամենը ունենալով՝ պետք է ընդունես քո ամուսնու գերազանցությունը:
Այսօր շատ տարբեր բաներ են քարոզվում, և ես վախենում եմ, որ ծայրահեղության մեջ ընկնենք, որովհետև ինչպես Բրիջիդ Բարդոն էր ասում.«Կանայք որքան շատ են ձգտում ազատության, այնքան դժբախտ են դառնում»:

-Ի՞նչ սպասումներ ունեք ապագայից:

-Ես ապագայից ,իհարկե, ունեմ միայն լավ սպասումենր թե՛ Հայաստանի, թե՛ ինձ համար:Ես հավատում եմ, նաև իմ կյանքն է ցույց տալիս, որ ամեն ինչ ավելի լավ է լինում:Ինձ համար միշտ այսօր ավելի լավ է, քան երեկ, այս կյանքի էտապը ավելի լավ է , քան անցյալը: Ես հավատում եմ, որ կյանքիս մյուս էտապն ավելի լավ է լինելու, որովհետև ինչքան մեծանում ես, այնքան հետաքրքիր ես ընկալում ամեն ինչ, ավելի սիրով ես ընդունում, դրա համար, ես հավատում եմ, որ թե՛ Հայաստանի, թե՛ ինձ համար ավելի հետաքրքիր շրջան է թևակոխել:

Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:

դիտվել է 7317 անգամ

«Ինֆորմացիա եմ ստացել, որ ուզում են բացել հանքը». Հայկ Բարսեղյան

Ինչպես է Պետերբուրգի համալսարանի պրոֆեսորը փորձել ազատվել ուսանողուհու դիակից (տեսանյութ)

«Պատրաստ եմ այդ 20 մլն դրամով Հայաստանի 20 չեմպիոնների մասին ֆիլմեր նկարել». Ռուբեն Մխիթարյանը՝ Նիկո...

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)