Երևան
13 / Նոյեմբեր / 2019

Կասկած Սերժ Սարգսյանի նկատմամբ

Lragir.am-ը գրում է․ Սերժ Սարգսյանը Թարգմանչաց տոնի առիթով Արցախում այցելել է Ամարասի վանական համալիր, որը նորոգվում է Լույս հիմնադրամի օժանդակությամբ: Սերժ Սարգսյանը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:


Սարգսյանի Ամարաս այցի մասին Արցախի հեռուստատեսության ռեպորտաժում երեւում է, որ նրան ուղեկցող խմբում է նաեւ ՌԴ Պետդումայի ոչ անհայտ պատգամավորը՝ Կոնստանտին Զատուլինը, որն այս օրերին Արցախում էր եւ մասնակցում էր Արցախի բարեկամների միջազգային խորհրդաժողովին:

Հետաքրքիր է, որ Սարգսյանին Ամարաս ուղեկցողների շարքում չէր Արցախի նախագահ Բակո Սահակյանը, համենայն դեպս դատելով ռեպորտաժի կադրերից: Բակո Սահակյանը մի քանի օր առաջ Արցախում պարգեւատրել էր Զատուլինին՝ Գրիգոր Լուսավորիչ մեդալով, Արցախի բարեկամը լինելու համար:

Սերժ Սարգսյանի Ամարաս այցի մասին պատմող կադրերում Կոնստանտին Զատուլինի ներկայությունն էլ հիշեցրեց, թե Զատուլինն էլ ինչ էր նվիրել Սերժ Սարգսյանին մոտ տասներեք տարի առաջ, երբ նա դեռ նախագահ չէր, բայց պատրաստվում էր դառնալ: 2006 թվականին հայկական մամուլը գրեց, որ Մոսկվայում ծննդյան տարեդարձը ռուսաստանցի որոշ գործիչների եւ հայ մեծահարուստների մասնակցությամբ նշած Սերժ Սարգսյանին Կոնստանտին Զատուլինը հուշանվեր «ռուլետկա» էր նվիրել, ասելով, թե՝ ինչ գործ ունես քաղաքականության մեջ, եղբայր, վայելիր կյանքը:

Ռուսական քաղաքականությունը հետագա տասնամյակում Սերժ Սարգսյանին թույլ չտվեց «վայելել» կյանքը, ըստ երեւույթին այն պատճառով, որ նա չէր վերցրել «ռուլետկան» ու հեռացել:

Ի՞նչ է ասել Զատուլինը Սերժ Սարգսյանին Արցախում այս օրերին՝ պետք էր ժամանակին վերցնել ու հեռանա՞լ, եւ այժմ ամեն ինչ կլիներ այլ կերպ իրենց բոլորի համար, թե՞ Զատուլինը Սերժ Սարգսյանից ուզում էր պարզել նրա իշխանությունից հեռանալու պատմությունը, հասկանալ՝ Սարգսյանը կարո՞ղ էր պահել իշխանությունը, բայց չարեց դա, թե՞ պահելն այլեւս անհնար էր:

Համենայն դեպս, այդ իմաստով հատկանշական է, որ ամիսներ առաջ իր հարցազրույցներից մեկում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր խոսել «կասկածելի պասիվ դիմադրության» մասին, որ իշխանությունը ցույց էր տվել փողոցում ծավալվող շարժմանը:

Իսկ թավշյա հեղափոխությունից հետո էլ Զատուլինը «ծավալեց» Լազարեւսկի կոմիտեն, որի անթաքույց նպատակը դարձավ Հայաստանի նախկին իշխող համակարգի պաշտպանության կազմակերպմանը ներգրավվելն ու այդպիսով սեփական դիրքերը Ռուսաստանում պաշտպանելը: Նրա այդ նախաձեռնությունը ստացել է Ռոբերտ Քոչարյանի հրապարակային աջակցությունը:

Ի՞նչ պետք է անի Կոնստանտին Զատուլինը, եթե նրան Ռուսաստանում հեռացնեն «Արցախի բարեկամի» աշխատանքից: Իսկ դա շատ հավանական է, որովհետեւ Հայաստանի նախկին իշխող համակարգի աստիճանական հեռացումը նաեւ Արցախի կառավարման ղեկից եւ հայկական պետական քաղաքականության սկզբունքային վերափոխումը՝ այդ թվում հայ-ռուսական հարաբերության որակական վերափոխման համատեքստում, ավելորդ է դարձնելու «Արցախի բարեկամի» հաստիքը, քանի որ երկկողմ հարաբերությունը հայտնվելու է ավելի լուրջ ու պետական հարթության վրա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 6716 անգամ

«Ինֆորմացիա եմ ստացել, որ ուզում են բացել հանքը». Հայկ Բարսեղյան

Ինչպես է Պետերբուրգի համալսարանի պրոֆեսորը փորձել ազատվել ուսանողուհու դիակից (տեսանյութ)

«Պատրաստ եմ այդ 20 մլն դրամով Հայաստանի 20 չեմպիոնների մասին ֆիլմեր նկարել». Ռուբեն Մխիթարյանը՝ Նիկո...

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)