Երևան
06 / Դեկտեմբեր / 2019

Թուրքիան բարդացրել է իր եւ ուրիշների կյանքը

Lragir.am-ը գրում է․ Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի գործողությունն արմատապես փոխել է շահերի գլոբալ դասավորությունը: ՆԱՏՕ-ի ներսում ճգնաժամ է առաջացել: Այդ կազմակերպության առանցքային անդամները հակվում են Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու գաղափարին: ԱՄՆ-ն արդեն ձեռնամուխ է եղել այդպիսի պատժամիջոցների իրականացմանը: Միաժամանակ` ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ իր համար միեւնույն է, թե ով կկարգավորի իրավիճակը Սիրիայում, քանի որ Միացյալ նահանգները չի ցանկանում կռվել քրդերի համար: Մանավանդ որ, Թուրքիայի դեմ դուրս է եկել Սիրիայի բանակը: Դոնալդ Թրամփն անուղղակի կերպով մատնացույց էր անում Ռուսաստանին եւ Չինաստանին: Ռուսաստանի նախագահն իսկույն գործի անցավ` Թուրքիայի նախագահին հրավիրեց Մոսկվա:

Լղոզվել է մինչեւ այժմ աշխարհում առկա դաշնակցային ու հակամարտային պատկերը: Ավելի շուտ սա անշրջելի գործընթաց է: Համապատասխանաբար` անշրջելի են նաեւ փոփոխությունները` ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մակարդակում: Իսկ հիմա հարցն այն է, թե ինչ է լինելու, երբ սիրիական եւ թուրքական բանակները դուրս գան դեմ առ դեմ: Առայժմ Ռուսաստանը հայտարարել է, որ միջնորդ է հանդես գալու Սիրիայի եւ Թուրքիայի ղեկավարությունների միջեւ: Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ոչ մի վատ բան չկա, եթե Սիրիան օգնություն է ստանում Ռուսաստանից: Իսկ վերջին օրերի իր քաղաքականությունը որակեց որպես փայլուն գործողություն:

 

Այս համապատկերին միանգամայն արդարացված է այն մտահոգությունը, թե ինչպես կարող են անդրադառնալ այսօրինակ փոփոխությունները Հայաստանի եւ Արցախի անվտանգությանը: Անհանգստանալու առիթներ արդեն շատ կան: Հոկտեմբերի 14-ին Թուրքիայի նախագահը` արդեն «միջազգայնորեն աչքից ընկած» վիճակում, մեկնեց Բաքու` մասնակցելու Թյուրքական երկրների խորհրդի նիստին: Անսպասելի ոչ մի բան դրանում չկար. Սիրիայում Թուրքիայի գործողությունները պաշտպանում էին միայն Ադրբեջանը, Պակիստանը եւ Քաթարը: Թուրքիային դատապարտել է նույնիսկ արաբական երկրների լիգան: Բաքվում նախագահ Էրդողանը բացեիբաց հայտարարեց, որ «Թուրքիան սպասում է ահաբեկչության դեմ պայքարում եղբայրական երկրների հուժկու աջակցությունը»: Սակայն թյուրքական երկրների Խորհրդի անդամների ոչ մի համատեղ հայտարարություն այդպես էլ չեղավ: Դա կարելի էր սպասել` շատ վտանգավոր խաղ էր հղացել Թուրքիան, որպեսզի այդպես հեշտությամբ կարողանա իր շուրջը համախմբել անգամ «ազգակցական» երկրներին:

Բայց տվյալ դեպքում մեզ ավելի շատ հետաքրքրում է այն, որ Ադրբեջանի նախագահն օգտվեց իրավիճակից՝ սեփական շահերն առաջ տանելու համար: Նա հիշեց իր վաղեմի թեզն առ այն, որ «Զանգեզուրի հանձնումը Հայաստանին` աշխարհագրական տեսակետից պառակտեց թյուրքական աշխարհը»: Նրա խոսքով` «այդ տեսակետից Թյուրքական խորհուրդ ստեղծելու մասին որոշման ընդունումը Նախիջեւանում խորհրդանշական իմաստ ունի ողջ թյուրքական աշխարհի համար»: Դիտորդներն իսկույն նկատեցին, որ նման քաղաքական հենքի վրա Զանգեզուրի մասին Ադրբեջանի նախագահի հիշատակումը պարզապես պատմական էքսկուրս չէ: Ըստ էության, Իլհամ Ալիեւը քաղաքական օրակարգ է վերադարձնում Զանգեզուրի հարցը: Դրա նախանշանները նկատելի էին Աշգաբադում ԱՊՀ վերջին գագաթաժողովում, որտեղ Ադրբեջանի նախագահն արծարծեց Գարեգին Նժդեհի կերպարն ու գործունեության բնույթը: Չէ որ հենց Նժդեհի անվան հետ են կապում Զանգեզուրի պահպանումը խորհրդային Հայաստանի կազմում: Ալիեւը հեռուն էր նայում:

Արդեն Թյուրքական պետությունների խորհրդի նիստից հետո ադրբեջանական մամուլը սկսեց շրջանառել գաղափարն առ այն, որ «Ադրբեջանը պետք է Ղարաբաղում օգտագործի Թուրքիայի կողմից ստեղծված` «հակաահաբեկչական մաքրման» նախադեպը»: Առաջ քաշվեցին առաջարկներ, թե «մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանն ուղղակի կօգտվի Անկարայի ստեղծած նախադեպից»: Հիշեցին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1993 թվականի բանաձեւերը, առավել եւս` ինքնապաշտպանության իրավունքը: Բայց, որ ամենահետաքրքիրն է, բանավեճի գլխավոր թեման այն էր, թե կաջակցե՞ն արդյոք Ռուսաստանն ու ԱՄՆ-ը Ադրբեջանի նմանատիպ ենթադրական մտադրություններին:

Վերջին հանգամանքը չափազանց հետաքրքիր է, հատկապես Ադրբեջանի պաշտպանության նախարարի վերջերս հնչեցրած այն հայտարարության համատեքստում, թե «միջազգային իրադրությունը թույլ չի տալիս պատերազմ սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ»: Դե, իհարկե, Ադրբեջանը հասկանում է, որ կարող է փորձել իր նպատակների իրականացմանը հասնել սոսկ այն ժամանակ, երբ գերտերությունները ոչ միայն կանաչ լույս կտան իրենց ծրագրերին, այլեւ «կկապեն» Հայաստանի ձեռքերը, ինչպես 2016 թվականի ապրիլին: Բոլորը հասկանում են, որ Թուրքիայի ղեկավարության ոչ մի հայտարարություն, թե աջակցում է Ադրբեջանին, չի կարող երաշխիք լինել վերջինիս ծրագրերի իրագործման համար:

Ներկա պահին կարելի է արձանագրել, որ առայժմ չկան նախանշաններն այն բանի, թե ինչ-որ մեկը ցանկություն ունի Ադրբեջանին տալ Թուրքիայի «բախտը փորձելու» քարտ-բլանշ: Դրա վկայություն կարող է լինել այն, որ Բաքվում Թյուրքական պետությունների խորհրդի նիստի օրը` հոկտեմբերի 14-ին, Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդարանական վեհաժողովի նիստում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի:

Բայց ամենահետաքրքիրը հետեւյալն է. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ ՄԱԿ-ում հանդիպել է Հայաստանի վարչապետի հետ եւ, նրա խոսքով, «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է հավասարապես ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: Այդ ուղերձը լիովին համապատասխանում է հասարակություններին խաղաղության պատրաստելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կոչերին: Ցավոք, մյուս կողմն այդկերպ չի պատասխանել նշված հայտարարությանը: Ավելին՝ Ալիեւը շարունակում է իր ռազմական հռետորաբանությունը: Ես այդ կապակցությամբ հարց ունեմ. ինչպե՞ս կարող է ՆԱՏՕ-ն նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի ու կայուն կարգավորմանը եւ, մասնավորապես, ինչպե՞ս ՆԱՏՕ-ն կարող է աջակցել Մինսկի խմբի ջանքերին»:

Տվյալ հայտարարությունն աննախադեպ է: Առաջին անգամ միակողմանի կարգով այդպիսի բարձր միջազգային մակարդակով Ադրբեջանին մեղք է վերագրվում նրա ապակառուցողական դիրքորոշման համար: Այլ բան չէր էլ կարելի սպասել այն դեպքում, երբ Ադրբեջանը բացահայտ աջակցություն է հայտնում սիրիական քրդերի դեմ Թուրքիայի գործողություններին: Բայց չլիներ անգամ այդ աջակցությունը, ՆԱՏՕ-ի դիրքորոշումը հազիվ թե փոխվեր: Եվ ոչ միայն ՆԱՏՕ-ինը: Դա տեսանելի է արդեն Մինսկի խմբի՝ տարածաշրջան ներկայիս այցից. խոսակցությունները նեղացված, հասցված են ընդհուպ մարդասիրական հարցերի մակարդակի: Ստեղծված միջազգային իրավիճակում չկա հակամարտության կարգավորման մասին լրջորեն խոսելու ոչ մի հնարավորություն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 13632 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի մասին

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

«Քաղաքապետարանի շենքը թատրոնի շենք չէ՝ իր դերով». Ծառուկյանը՝ Հայկ Մարությանին

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին