Երևան
22 / Նոյեմբեր / 2019

ԻՆՉ ՊԵՏՔ Է ԱՍԵՐ ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ, ՈՐ ՉԱՍԵՑ BBC-ԻՆ ՏՎԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՈՒՄ

Քաղաքագետ Արմեն Այվազյանն իր ՖԲ էջում գրել է.

Քիչ առաջ լսեցի BBC-ի հանրահայտ «HARDtalk» («Դժվար խոսակցություն») ծրագրով ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը։ Հաղորդումը ծանր տպավորություն թողեց. նախարարը պատրաստ չէր այսպիսի թեժ զրույցին և ձախողեց իրեն ընձեռված հրաշալի հնարավորությունը՝ աշխարհի առջև ներկայացնելու Արցախի հիմնահարցը և ըստ արժանվույն պաշտպանելու Հայաստանի շահերը։ Բայց զարմանալի բան չկա։ Այս հարցազրույցը վերջին տասնամյակներում Հայաստանի բարձրագույն քաղաքական ղեկավարության վարած կրավորական, խեղճուկրակ արտաքին քաղաքականության արդյունքն է։

Մանրամասն քննադատական վերլուծության կարիք չկա։ Նշեմ միայն, թե նախարարն ինչ էր պարտավոր ասել, բայց չասեց։

Նախ, Մնացականյանը չնկարագրեց Հայաստանի ծայրաստիճան ծանր աշխարհառազմավարական դրությունը, որն առաջացել է Ադրբեջանի ու Թուրքիայի հետևողական հակահայկական ու ցեղասպանական քաղաքականության պատճառով։

ՀՀ արտգործնախարարը ոչ մի խոսք չասեց հակամարտության բուն պատճառների մասին և թե ով Է այն սկսել։

Նա ոչ մի խոսք չասեց ադրբեջանական շրջափակման և ագրեսիայի մասին և չդատապարտեց դրանք։

Նա շրջանցեց և այդպես էլ չհամարձակվեց պարզ ու վճռականորեն հերքել հաղորդավարի երիցս կրկնած այն խայտառակ սուտը, թե «վերջին 20 և ավել տարիների ընթացքում» հայկական զորքերն իբր ինչ-որ «շատ լուրջ խախտումներ» (very serious abuses) են գործել (իսկ այդ տերմինի տակ սովորաբար հասկացվում են վայրագությունները), ավելին՝ թե իբր հայկական ուժերն են պատասխանատու եղել այդ խախտումների (իմա՝ վայրագությունների) մեծամասնության համար։ Նախարարը չասեց, որ իրականությունը ճիշտ հակառակն է. հայկական զինուժը կանխել է Արցախի հայության դեմ ցեղասպանության փորձն այն ժամանակ, երբ այսպես կոչված միջազգային հանրությունը լուռ դիտում էր Ստեփանակերտի ռմբակոծումները և մատը մատին չէր խփում (ինչպես այժմ հյուսիսային Սիրիայում)։ Այս կոնկրետ հարցի «քննարկման» ավարտական փուլում Մնացականյանը նույնիսկ համաձայնվեց հաղորդավարի հետ, ասելով, թե «դա է հենց առաջ շարժվելու ճանապարհը, դա ճիշտ է» («That is part of moving forward, that is true»)։ Խայտառակություն։

Նա չհիշեցրեց Ադրբեջանի վայրագությունները հայ խաղաղ բնակչության դեմ Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում և այլուր։

Նա չհիշատակեց Ադրբեջանի իրականացրած մշակութային ցեղասպանությունը, մասնավորապես՝ Նախիջևանում 1990-ական—2000-ական թվականներին հազարավոր խաչքարերի ոչնչացումը։

Նա մեկ բառով անգամ չդատապարտեց Ադրբեջանին՝ իր վարած ռասիստական, հայատյաց ու ցեղասպանական քաղաքականության համար։

Նա չխոսեց ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից իրականացվող Հայաստանի 26-ամյա շրջափակման ու թշնամական այլ գործողությունների մասին։

Նա չխոսեց Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման, նույնն է թե՝ ցեղասպանական քաղաքականության շարունակության մասին։ Չհիշատակեց, որ Էրդողանն անգամ լկտիաբար արդարացնում է ցեղասպանության իրականացումը։

Մնացականյանը չանդրադարձավ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և Ադրբեջանի միջև 2010 թ. կնքված ռազմական դաշինքին, որն ուղղված է նախևառաջ Հայաստանի դեմ։ Այս կետը կարելի էր ընդլայնված կերպով ներկայացնել։

Այսինքն, ի՞նչ եմ ասում. ամբողջ հարցազրույցի ընթացքում Մնացականյանը չհամարձակվեց անգամ արտաբերել «Թուրքիա» և «Հայոց ցեղասպանություն» բառերը...

Հաղորդավարի անտեղի և կոպիտ կշտամբանքը, թե ՀՀ վարչապետն համարձակվել է ասել «Արցախը (Ղարաբաղը) Հայաստան է», Մնացականյանը ևս շրջանցեց, որ ամոթալի էր։ Այնինչ նա պետք է շատ հանգիստ պատասխաներ, որ, այո, այդպես էլ կա, Արցախն իրոք Հայաստան է, եթե ոչ (առայժմ) քաղաքական, ապա պատմական, լեզվական, ժողովրդագրական, կրոնական, մշակութային առումներով, և որ Արցախը միշտ է հայկական եղել վերջին մի քանի հազարամյակի ընթացքում։ Կարելի էր նաև հիշեցնել ազգերի ինքնորոշման իրավունքի մասին ու հատկապես այդ իրավունքի հիման վրա Մեծ Բրիտանիային միացած Ֆոլկլենդյան կղզիների մասին։

Բացի այդ, հենց այդտեղ էլ Մնացականյանը պետք է հիշեցներ, որ Ադրբեջանի նախագահը բազմիցս է Երևանը ադրբեջանական քաղաք հայտարարել, իսկ Հայաստանի Հանրապետությունն էլ «արևմտյան Ադրբեջան»՝ խոստանալով վաղ թե ուշ տիրանալ դրանց։

Մնացականյանը միայն մեկ անգամ, երբ արդեն շատ էր պատին սեղմվել, հպանցիկ նշեց, որ 1990-ական թթ. սկզբին Ղարաբաղի բնակչության 40 տոկոսը «բնաջնջված էր» (սա էլ այդպես չէ), Ղարաբաղի տարածքի 40 տոկոսը գրավված էր, Ադրբեջանն այդ ժամանակ կատարել է «ամենախայտառակ խախտումները», նույնիսկ փառաբանել է հային սպանած մեկին (չասվեց, որ այդ հայը երիտասարդ սպա էր, որը քնած ժամանակ կացնահարվել է ՆԱՏՕ-ի կազմակերպած դասընթացներին Բուդապեշտում իր ադրբեջանցի «գործընկերոջ» կողմից)։ Նույն տեղում էլ Մնացականյանը չորս բառով հիշեց 2016 թ. Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան պատերազմը։ Բայց այս մի քանի դիտողությունները խիստ անբավարար էին ու շատ թռուցիկ տպավորություն գործելու համար։ Կարևորը, որ Ադրբեջանի և Թուրքիայի հակահայկական քաղաքականությանը չտրվեցին քաղաքական հստակ գնահատականներ։

Կարելի է դեռ շատ շարունակել նախարարի չօգտագործած փաստարկների շարքը, բայց այսքանն էլ բավարար է հասկանալու համար մեր արտաքին քաղաքականության խեղճությունը։

Կարծում եմ, որևէ մեկը չի կասկածում, որ, եթե նման հնարավորություն ունենար Ադրբեջանի արտգործնախարարը, ապա Հայաստանի գլխին կթափվեր լուտանքի և քննադատության հեղեղ...

Իսկ Հայաստանում փայլուն ժողովրդավարություն հաստատելու մասին Մնացականյանի ոգևորված գնահատականներին անդրադառնալու ցանկություն այլևս չունեմ և թողնում եմ դրանք առանց մեկնաբանության։

Հարցազրույցը հասանելի է հետևյալ հղումներով՝

https://www.youtube.com/watch?v=dJTGRiBCRkw (անգլերեն)

https://www.youtube.com/watch?time_continue=1&v=nuoJuvfkMvc (հայերեն թարգմանությամբ)

դիտվել է 7472 անգամ

Շիրակի ու Գեղարքունիքի մարզերում վարսահարդարմամբ զբաղվող կանանց համար անցկացվեց դասընթաց

Հովազի հետ մենամարտի բռնված անասնապահի պատմությունը

Ի՞նչ է մազերի կերատինը և ի՞նչ օգտակար հատկություններ ունի

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին

MegaMall-ում պաշտոնապես բացվեց Happy Pregnant / Հեփի Քիդս խանութ սրահը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)