Երևան
08 / Դեկտեմբեր / 2019

Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել.

«Սիրելի՛ գործընկերներ,

Նոր իշխանություններն ունեին բացառիկ հնարավորություն մեր երկիրը տանել զարգացման ուղղությամբ, ժողովրդին համախմբել համազգային խնդիրների շուրջ, նպաստել մեր քաղաքացիների բարեկեցությանը՝ կառուցելով ավելի ժողովրդավար ու ավելի արդյունավետ ազգային պետություն:

Ցավոք, իշխանությունները գնացին այլ ուղղությամբ, և այսօր մեր երկրում ձևավորվել է անվստահության և ատելության աննախադեպ աստիճանի մթնոլորտ, տեղի է ունեցել հասարակական այնպիսի պառակտում, ինչպիսին երբեք չի եղել: Եվ սա այն դեպքում, երբ աշխարհն ու մեր տարածաշրջանն այսքան փոխվել են՝ ավելացնելով նոր վտանգներ ու մարտահրավերներ մեր անվտանգության հարցում, Արցախի հարցում:

Այս պայմաններում իշխանության նպատակը պետք է լիներ հասարակության մեջ առկա ճաքերը մեղմելը, համերաշխության մթնոլորտ ստեղծելը, ժողովրդին համախմբելը: Այդ նպատակի իրականացման համար ամենաարդյունավետ գործիքներից մեկը կարող էր լինել հենց Հանրային խորհուրդը, որի կարևոր գործառույթներից մեկը, համաձայն օրենքի, Կառավարության, պետական կառավարման համակարգի մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև փոխադարձ վստահության, երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորմանը նպաստելն է:

Փոխարենը` իշխանությունները շարունակում են քննարկել նախագծեր և անել քայլեր, որոնք ավելի ու ավելի են պառակտելու մեր հասարակությունը. դա անցումային արդարադատությունն է, առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման օրինագիծը, կրթական ոլորտի փոփոխությունները, քաղաքական խնդիրներ լուծելու նպատակով դատաիրավական համակարգն օգտագործելը և այլն:

Հանրային խորհրդի վերջին նիստին ես Ձեզ ներկայացրեցի, որ մի քանի անգամ փորձել եմ հանդիպել վարչապետի հետ, գտնել համագործակցության եզրեր՝ թուլացնելու հասարակության մեջ առկա լարվածությունը և Հանրային խորհրդի միջոցով կանխելու որոշ քայլեր, որոնք, իմ կարծիքով, վտանգավոր են պետության համար: Գիտեք նաև, որ այդ փորձերն ապարդյուն են անցել:

Մեր վերջին նիստից անցել է որոշակի ժամանակ, և նորից ոչ մի արձագանք:

Այս պայմաններում իմ հետագա գործունեությունը Հանրային խորհրդում համարում եմ անիմաստ և դուրս եմ գալիս խորհրդից, ինչի մասին արդեն գրավոր տեղեկացրել եմ կառավարությանը:

Կշարունակեմ պայքարը հանուն մեր պետության և ժողովրդի շահերի, ինչպես պայքարել եմ իմ ողջ կյանքի ընթացքում:

Սիրելի՛ գործընկերներ,

Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ: Շատերիդ հետ հետաքրքիր ու դժվարին ճանապարհ ենք անցել դեռևս 2009-ից՝ փորձելով ստեղծել քաղաքակիրթ հարթակ, ձևավորել հանրային նոր մշակույթ, գտնել փոխզիջումային լուծումներ հասարակության ու իշխանության միջև ծագած խնդիրների, վեճերի և լարվածության ժամանակ:

Հուսով եմ, որ Հանրային խորհուրդը կշարունակի պահպանել իր որակը և կշարունակի ծառայել իր նպատակներին»:

դիտվել է 4276 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ո՞վ է ամերիկաբնակ լուսանկարիչ Նարեկ Մտազբաղը

Իրոք հրավիրում եմ էլի, քաղաքապետ տղա եմ. Փաշինյանը մերժեց Սպիտակի քաղաքապետին (տեսանյութ)

Այսօր Լոռու մարզի Լեռնանցք համայնքում բնակարանամուտ է. շահագործման է հանձնվում 8 բնակարան. Փաշինյան ...

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին