Ալիեւի ճակատագիրը կախված է հայկական կողմի մի շարժումից

Lragir.am-ը գրում է․ Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումը, որի հետևանքով ծանր վիրավորում է ստացել Արցախի ՊԲ զինծառայողը: ՀՀ ԱԳՆ-ն արձանագրել է, որ միջադեպին չի նախորդել որեւէ լարում, եւ «անգամ ներքաղաքական նոր զարգացումների պայմաններում Ադրբեջանը պետք է հավատարիմ մնա իր հանձնառություններին»:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անցկացվելիք հերթական նախարարական հանդիպմանն ընդառաջ տեղի ունեցած այս միջադեպն ավելի է ընդգծում հրադադարի ամրապնդման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման առաջնահերթությունը, այդ թվում՝ համապատասխան մեխանիզմների ներդրման միջոցով», ասված է հայտարարության մեջ:
Հայաստանի ԱԳՆ-ն ակնարկում է Վիեննայի օրակարգը, որը ոչ այլ ինչ է, քան ստատուս-քվոյի միջազգային ճանաչում: Վիեննայի օրակարգը Բաքվում ու Մոսկվայում հենց այդպես էլ հասկացել են, եւ ամեն ինչ անում են այն չեղարկելու համար: Հայաստանը խուսափում է նման ուղիղ ձեւակերպումներից, նմանապես՝ համանախագահներն իրենց հայտարարություններում այլեւս չեն հիշատակում Վիեննայի օրակարգի մասին: Նախորդ վարչակարգի օրոք ակնհայտորեն նման պայմանավորվածություն է եղել Բաքվի ու Մոսկվայի հետ, թե ինչի դիմաց՝ դժվար է ասել:
Ներկայում Հայաստանի ԱԳՆ-ն երբեմն հիշեցնում ու ակնարկում է այդ մասին, Բաքվին զսպելու տրամաբանությամբ:
Սակայն ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ առավել հետաքրքիր է «անգամ ներքաղաքական նոր զարգացումների պայմաններում Ադրբեջանը պետք է հավատարիմ մնա իր հանձնառություններին» ձեւակերպումը: Ադրբեջանում ներկայում բարդ իրավիճակ է՝ պայմանավորված իշխանության տրանզիտով, ավելի ճիշտ՝ միջկլանային վերադասավորումներով: Խորհրդարանը ցրվելու է, վարչակազմում տեղի է ունենում առանցքային կադրերի փոփոխություն: Նման իրավիճակներում առաջանում է որոշակի անկայունություն, որը կարող է փորձ արվել «պարպել» շփման գծում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում