Երևան
29 / Հունվար / 2020

Ես չեմ թաքցնում, որ ինձ համար իշխանությունը միշտ հրեշ է․ Հովհաննես Գալստյան

Ելակետ լրատվականի զրուցակիցն է կինոռեժիսոր, պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը, որը կիսեց մեզ հետ իր խոհերը <<Թողություն>> հեռուստանովելի, արվեստի, ընկերության և ստեղծագործական կյանքի մասին:

 -Ինչի՞ց է ծնվում մեծ արվեստը:

-Չգիտեմ։ Գուցե անարդարության և անկատարության դեմ ընդվզումից։

-Ի՞նչն է հաջողություն բերում ֆիլմին. հզոր դրամատուրգիան, փայլուն դերասանական խաղը, թե՞ նշանավոր դերասանների առկայությունը:

-Առաջին հերթին պատմությունը:Կինոն բազմաթիվ մարդկանց արվեստ է ու հաջողության գաղտնիքը ֆիլմի հետ առնչվող բոլոր մարդկանց հավատն է, որ դա իրենց ֆիլմն է։ Պրոֆեսիոնալ մոտեցում, բարձր հոնորար, փառքի ձգտում, պատասխանատվության զգացում...
Սրանք կարևոր են ,բայց առաջնային չեն:Ամեն ինչ ավելի պարզ է:Ռեժիսորը պատմում է ձեզ մի բան,որին դուք նախ հավատում եք,հետո տալիս եք այդ պատմությանը ձեր ժամանակը, տաղանդը, իսկ ինչ-որ պահից այնքան բան եք տված լինում, այնպիսի նուրբ թելերով եք կապվում այդ պատմությանը, որ համարում եք ձերը: Ու սա ֆիլմի հաջողությունն է: Բայց քանի որ դուք նախ պետք է պատմեք ձեր ֆիլմը և անեք դա այնպես, որ իրենց գործում ձեզանից շատ ավելի տաղանդավոր մարդիկ հավատան ձեզ, ուրեմն առաջինը պատմությունն է: Ես, ինչպես շատ շատերը չեմ կարողանում նայել հայկական կինո հենց պատմության, կամ դրա բացակայության պատճառով։ Կա պատկեր ,կա ձայն, կան դերասաններ, բայց այդ ամենը ավարտվում է, երբ սկսում են խոսել։ Իզուր չէ ավետարանում գրված՝ «Ի սկզբանէ էր Բանն. եւ Բանն էր առ Աստուած. եւ Աստուած էր Բանն» (Հովհաննես 1.1):

-Ի՞նչը կամ ո՞վ Ձեզ ոգեշնչեց հանրությանը ներկայացնելու խորքային ենթաշերտ ունեցող <<Թողություն>> հեռուստանովելը: Արդյոք սա գրական ապտակ չէ պարզունակ, ոչինչ չասող սերիալներին:

«Թողությունը» կինեմատոգրաֆիական ապտակ է արվեստի կառավարման անմարդկային համակարգին , որի հիմքերը դրվել են վաղուց, «կատարելագործվել են» խորհրդային տարիներին ու որը կենսունակ է հիմա՝ մեր օրերում։ Այդ համակարգը սպասարկել են ապաշնորհ մարդիկ, որոնց միակ «տաղանդը» օրվա իշխանություններին հաճոյանալն է, իսկ առաքելությունը՝ ազատ մտքի բռնաբարումը։ -Բնական է, որ սրանց ամենամեծ թշնամին եղել և մնում է ազատ արվեստագետը։ Այս համակարգը շատ լուսավոր գլուխներ է կերել, բայց ապաշխարելու փոխարեն, այսօր էլ, փաստորեն սպառում ունի։ Իշխանությանը միշտ պետք են քստմնելի սպասարկուներ, նրանց մռայլ ֆոնին մաքուր երևալու ու նրանց ձեռքերով գլխացավերից ազատվելու համար։ Ես չեմ թաքցնում, որ ապտակում եմ արվեստի պետական կառավարման փտած համակարգին ու դրա սպասարկուներին։ Բայց անում եմ դա սարկազմի ու նաև ինքնահենգնանքի շատ մեծ չափաբաժնով, որովհետև ինչքան էլ այդ սպասարկուները գարշելի են, անիմաստ է նրանց մասին լուր ջ խոսել :

-Կներկայացնեք՝ ի՞նչ պատմություն է ընկած <<Թողություն>> հեռուստանովելի հիմքում: Ո՞րն է ֆիլմի հիմնական ասելիքը:

-Ֆիլմերը չի կարելի պատմել։ Ֆիլմերի մասին չի կարելի շատախոսել։ Մենք ահռելի ծավալի նյութ ենք նկարել։ Հանդիսատեսին ներկայացրել ենք 16 մասերից կազմված սերիալ։ ՈՒղղակի նայեք։

-Արվեստագետը պետք է բարձր լինի իշխանությունից:Թերևս Նաիրի Զարյանը իր <<Երկու հանճարեղ գլուխ>> բանաստեղծության մեջ ներկայացնում է հանճարեղ Գյոթեի խոնարհումը կայսեր առաջ և Բեթհովենի՝ բարձունքում մնալը: Կյանքը միշտ կրկնվո՞ւմ է:

-Չեմ կարծում, թե արվեստագետը պետք է որևէ մեկից բարձր կամ ցածր լինի։ Բայց ես չեմ թաքցնում, որ ինձ համար իշխանությունը միշտ հրեշ է։ Այդպիսին է իշխանության հավաքական էությունը։ Իշխանության ներսում գտնվելը դաժան փորձություն է, որին, ցավոք, գրեթե ոչ ոք չի դիմանում։ Ես ռեժիսոր եմ, նկարում եմ ֆիլմեր ու որքան ինձ հիշում եմ, նույնն եմ։ Իմ սկզբունքները, նախասիրությունները, աշխարհընկալումը մի փոքր հարստացել են կենսափորձով ու վերջ։ Հիմա հետևում եմ թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության ներսում հայտնված իմ ընկերներին, նրանց հարցազրույցներին, գրառումներին, գործերին ու նրանք ակնհայտորեն այն մարդիկ չեն, ինչ երկու տարի առաջ։ Կարծես մուտացիայի ենթարկված լինեն։ Ու հասկանալով իշխանության բնույթը՝ ես նրանց չեմ մեղադրում։ Իմ գործը միայն իրողությունները արձանագրելն է։

-Անտուան դը Սենտ Էքզյուպերին վստահ էր,որ պետք չէ վստահել ընկերներին և սիրելիներին, քանի որ նրանք չեն անցնի փորձությունը: Իսկ Դու՞ք...

-Անգամ անծանոթներին եմ վստահում։ Դա իմ կրեդոն է։ Առաջին իսկ պատահած մարդուն ես տալիս եմ վստահության ամբողջ պաշարը՝ 100%, իսկ նա արդեն վարվում է այդ վստահության հետ ինչպես կարողանում է։ Եթե վստահությունը նվազում է որոշակի գծից ցած, դադարում եմ շփվել այդ մարդու հետ։ Զարմանալի է իմ մասնագիտության դեպքում, բայց ես չշփվող եմ։ Միայն թե եթե սկսել եմ շփվել, այդտեղ կեղծավորության կամ անվստահության նշույլներ անգամ լինել չեն կարող։ Անվստահությունը արագությամբ տարածվող մետաստազ է, որ սպանում է առողջ հարաբերությունները։ Եթե չհավատալու խնդիր կա, անհապաղ դադարեցնում եմ կապը ցանկացած մեկի հետ։


-Ի՞նչ սյուժե և վերնագիր կունենա այն ֆիլմը, որը կպատմի Ձեր ստեղծագործական կյանքի մասին...

«Մետամորֆոզ2020»։ Հանդիսատեսը կտեսնի ֆիլմը մեծ էկրանին մյուս տարի։ Դա նույն «Թողությունն» է կինոյի լեզվով ,ոչ հեռուստատեսության։ Միայն թե դա իմ մասին չէ։ Ընդհանրապես ստեղծագործող մարդու մասին է։ Պարադոքսալ, միևնույն ժամանակ բրուտալ և նրբանկատ, երազկոտ ու պրագմատիկ, անպաշտպան ու երկաթյա, արարող մարդու մասին, ինչպիսին Խորեն Լևոնյանի Գաբրիելն է։

Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:

 

դիտվել է 7262 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

Նարեկ Մալյանն ազատ արձակվեց. LIVE

Ուղիղ. Փաշինյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից