Երևան
27 / Հունվար / 2020

Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է

Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» ստորաբաժանման ղեկավար, Մերձավոր Արևելքում ամենաազդեցիկ գեներալներից մեկը՝ Ղասեմ Սոլեյմանին և Իրաքում շիա աշխարհազորայինների (Ալ Հաշդ ալ-Շաբի) հրամանատարի տեղակալ Աբու Մախդի ալ Մուխանդիսը:

Ժամեր անց, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին հայտարարել է, որ պատվարժան հրամանատարին սպանելով, չեն դադարեցնի նրա առաքելությունը, բայց հանցագործները, որոնց ձեռքերի վրա է Սոլեյմանիի և մյուս նահատակների արյունը, պետք է սպասեն դաժան վրեժի: Վրեժի մասին ակնարկեց նաև երկրի նախագահ Հասան Ռոհանին, ըստ որի՝ Իրանը և տարածաշրջանի մյուս երկրները վրեժ կլուծեն գեներալի սպանության համար:
Վրեժը շատ չուշացավ, հունվարի 7-ի լույս 8-ի գիշերը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բալիստիկ հրթիռներով հարվածեց Իրաքի արևմտյան Ալ Անբար շրջանի Այն-ալ-Ասադ ավիաբազային և Իրաքյան Քրդստանի կենտրոն Էրբիլի մոտակայքում տեղակայված մեկ այլ ռազմաբազայի: Այաթոլա Ալի Խամենեին հարվածներից հետո դրանք համարեց ապտակ ԱՄՆ-ին և խոսեց տարածաշրջանում ԱՄՆ ներկայությունը սահմանափակելու անհրաժեշտության մասին, ակնարկելով չավարտված վրեժի մասին:

Իրանի հրթիռային հարվածներից հետո ժողովրդին ուղղված ուղերձում Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լրացուցիչ տնտեսական պատժամիջոցներ է սահմանում Իրանի դեմ, հիշեցնելով ամերիկյան մեծ, հզոր, ստույգ և մահաբեր հրթիռների մասին:
3-րդ համաշխարհային պատերազմի և Իրան-ԱՄՆ ուղիղ առճակատման մասին խոսելը այսօր արդեն իրատեսական չէ, սակայն Իրանի խոստացած վրեժին պետք է ամենայն լրջությամբ վերաբերվել: Իսկ ի՞նչ կարող է իրենից ներկայացնել իրանական վրեժը:

Այսպես, ԱՄՆ-ի Իրաք ներխուժման արդյունքում, ինչպես նաև Իսլամական պետության դեմ պայքարի շրջանակներում ստեղծված կոալիցիոն ուժերի անվան տակ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում ապահովում է իր ռազմական ներկայությունը: «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» ստորաբաժանման առաքելությունը հենց ամերիկյան ազդեցության սահմանափակումն էր տարածաշրջանում, ահա թե ինչու էր Սոլեյմանիի չեզոքացումը այդքան կարևոր ԱՄՆ-ի համար: Իսկ Իրանի ազդեցությունը Մերձավոր Արևելքում չի հիմնվում միայն «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ռազմական ուժի վրա: Բոլոր այս տարիների ընթացքում Իրանը հետևողական աշխատանք է տարել Մերձավոր Արևելքում՝ դաշնակցելով և աջակցելով մի շարք խմբավորումների, կազմակերպությունների և կառավարությունների հետ, որոնցից են Լիբանանի «Հեզբոլլահ» կուսակցություն-խմբավորումը, Պաղեստինյան «Համաս»-ը, Իրաքում շիա աշխարհազորայինները (Ալ Հաշդ ալ-Շաբի) և այլն: 

Հետևաբար, իրանական վրեժի մասին խոսելիս պետք է առաջին հերթին դիտարկել նմանատիկ խմբավորումների գործոնը, որոնք ամենևին կաշկանդված չեն միջազգային պարտավորություններով (ԱՄՆ-ի կողմից ճանաչվում են ահաբեկչական) և ցանկացած պահի կարող են հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան օբյեկտներին: ԱՄՆ-ն պատրաստ է այս սցենարին: Նախօրեին Դոնալդ Թրամփը հայտարարել էր իրանական 52 օբյեկտների մասին, որոնք նշանառության տակ են: Այստեղ 52 թիվը պատահական չի ընտրված: Թրամփը ակնարկում էր Իրանին այն, որ Հնդկական օվկիանոսում գտնվող «Դիեգո Գարսիա» ռազմաբազայում արդեն իսկ տեղակայվել են B-52 ռազմավարական ռմբակոծիչները, որոնք իրանական բալիստիկ հրթիռների նշանառությունից դուրս են, որպեսզի պատրաստվի հարվածել Թեհրանին, եթե հրամանը տրվի:

Իրանի ԱՄՆ-ի ռազմական պատասխանների տարբերակներում կարող են դիտարկվել նաև Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում նավթային տանկերների խոցումը, ինչը Իրանի զինանոցում առկա զենքերով միանգամայն իրատեսական է և ռազմավարական առումով կարող է բավականին ազդել ԱՄՆ-ի տնտեսության, ինչպես նաև հանգեցնել նավթի համաշխարհային գների աճի:

Իրանը ռազմավարական առավելություն ունի՝ Հորմուզի նեղուցը: Իրանը բազմիցս սպառնացել է փակել նեղուցը՝ լարվածությունների բարձրացման պահերին: Իրանի ռազմածովային ուժերը միանշանակ ունակ են նման գործողություններ իրականացնել, ընդհուպ մինչև Արաբական ծով:
Կան այլ տարբերակներ ևս, որոնցով Իրանը կարող է արձագանքել Սոլեյմանիի մահվան համար: Եվ նրանք անկասկած կարող են մտածել ԱՄՆ-ի ռազմական ներկայության սահմանափակման կամ արգելափակման լրացուցիչ եղանակների մասին: Իրաքի խորհրդարանի բանաձևի ընդունումը նախատեսում է երկրի տարածքում օտարերկրացի զինվորականների ներկայության արգելք: Սրանք արդեն գործընթացներ են, որոնք ամենևին էլ չեն համընկնում ԱՄՆ շահերին:

Այսպիսով, Մերձավոր Արևելքում հակաամերիկյան տրամադրութունները կարող են միավորող ազդեցություն ունենալ և Իրանի շուրջ համախմբել իսլամական աշխարհը: Հաշվի առնելով թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները, ինչպես նաև ռուսական գործոնը՝ սպասելի է, որ առաջիկայում տարածաշրջանը աշխարհաքաղաքական որոշ վերադասավորումների կենթարկվի, ԱՄՆ ազդեցությունը Մերձավոր Արևելքում կթուլանա և դա իր հետքը կթողնի Թրամփի վարկանիշի վրա:

Հոդվածի հեղինակ՝ Հովհաննես Սարգսյան

դիտվել է 25192 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսախցիկը արձանագրել է 10-ամյա աղջկան վրաերթի ենթարկելու դեպքը (Video)

Գնացել էր աշխատավարձն ուզելու. ի՞նչ են պատմում «Էրեբունի պլազա» ներխուժած Արթուր Թորոսյանի ծանոթները...

Տեսանյութ. Կուտոյանի մահվան պատճառները բացահայտված են

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից