Երևան
25 / Փետրվար / 2020

Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի կոչին

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանի համար ընդունելի չէ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ նախկին իշխանությունների կողմից քննարկված տարբերակը, որը մամուլի ասուլիսի ընթացքում վկայակոչել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին Հարությունյանը գրել է իր էջում, պատասխանելով Փաշինյանի կողմից Արցախի նախագահի բոլոր թեկնածուներին ուղղված կոչին:

«Մեծարգո պարո՛ն Վարչապետ, որպես Արցախի Հանրապետությունում առաջիկայում սպասվող համապետական ընտրություններին հայտ ներկայացրած նախագահի թեկնածու՝ բանակցային գործընթացի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու Ձեր կոչին արձագանքում եմ ազատագրված Քաշաթաղի շրջանի Որոտան (նախկին Կուբաթլու) քաղաքից: Այս պահին տեղի կուսակցական ակտիվի հետ հանդիպման եմ:

Պարո՛ն Վարչապետ

Մեր քաղաքական թիմի, և համոզված եմ, նաև մեր ժողովրդի համար ընդունելի չէ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ձեր կողմից մամուլի ասուլիսի ընթացքում վկայակոչված նախկին իշխանությունների կողմից քննարկված տարբերակը։ Այս առթիվ հրապարակավ հանդես գալու բազմաթիվ առիթներ եմ ունեցել, թե՛ որպես ԱՀ վարչապետ, թե՛ որպես քաղաքական կուսակցության ղեկավար։ Ավելին՝ նախագահ ընտրվելու դեպքում ջանք ու եռանդ չենք խնայելու, որ Արցախի Սահմանադրությամբ ամրագրված բոլոր տարածքները դառնան ծաղկուն շրջաններ: Այս մասին այսօր խոսել եմ որոտանցիների հետ հանդիպման ժամանակ, և առիթն օգտագործելով, նույն ասելիքս ուղղում եմ համայն հայությանն ու ողջ աշխարհին»,- գրել է Հարությունյանը:

Հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին կոչ արեց կարծիք հայտնել Լեռնային Ղարաբաղի հարցում ՀՀ նախկին իշխանությունների կողմից թողնված ժառանգության վերաբերյալ:

«Եկեք նայենք, թե Ղարաբաղի հարցում ինչ ժառանգություն է թողել Սերժ Սարգսյանը (ՀՀ երրորդ նախագահ-խմբ.): Վերջերս լրատվական միջոցներից մեկում մի հոդված տպվեց, որտեղ, ըստ էության փաստաթղթից մեջբերում էր, թե Սերժ Սարգսյանը որ կետում է թողել բանակցային գործընթացը, և նախկին իշխանությունների կողմից պաշտոնական հերքումներ չեն եղել ….

Պարբերություն առաջին, երեք հիմնական պարբերություն է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման վերջնական նպատակներն են (այնպես, ինչպես դրանք կապված են միմյանց հետ)` 7 շրջանների` Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի Զանգելանի, Կուբաթլիի, Քելբաջարի և Լաչինի վերադարձը Ադրբեջանին, պայմանով, որ պահպանվում է ԼՂ-ն Հայաստանին կապող միջանցքը: Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քվեարկության դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները:

Տարածաշրջանում քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար կապերի ամբողջական կարգավորում, դրացիական համագործակցության վերականգնում, Հարավային Կովկասի տարածաշրջանի ամբողջական կայունության ապահովում:

Պարբերություն երկրորդ. վերաբնակները միջազգային հանրության օժանդակությամբ լքելու են առաջին պարբերությունում նշված հինգ շրջանների տարածքները: Ադրբեջանի քաղաքացիական իշխանությունները մտնելու են նշված տարածքները այն բանից հետո, երբ կտեղակայվեն խաղաղապահ միջազգային ուժերը, և դուրս կհանվեն այդ շրջաններում ներկայումս գտնվող զինված ուժերը: Խաղաղապահ ուժերը կտեղակայվեն նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի վարչական սահմանների երկայնքով, բացառությամբ Քելբաջարի և Լաչինի շրջանների մաս կազմող հատվածների: Քելբաջարի շրջանը կմնա ԵԱՀԿ անցումային մշտադիտարկման տակ:

Պարբերություն երրորդ. միևնույն ժամանակ, վերոնշյալ միջոցների ձեռնարկմանը զուգահեռ, մինչև վերջնական կարգավորման որոշումը Լեռնային Ղարաբաղի պետք է օժտվի ժամանակավոր կարգավիճակով, որը կերաշխավորի նրա ամենօրյա կենսագործունեության կազմակերպումը»,- ասաց Փաշինյանը՝ նկատելով, որ սա այն ժառանգությունն է, որը եղել է առկա բանակցությունների սեղանին:

Արցախում համապետական ընտրությունները կայանալու են մարտի 31-ին:

դիտվել է 30649 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից