Երևան
21 / Փետրվար / 2020

Դրա լավագույն օրինակը կարող է լինել հենց վարչապետի կնոջ կամ աղջկա օրինակը

Քաղաքական էթիկա լինելու՞ է, վերջապես, թե՞ ոչ…


Հայաստանում ու արտերկրում բնակվող մեր հայարենակիցներից շատերն են խոսել և այսօր էլ շարունակում են խոսել քաղաքական էթիկայի, փոխըմբռնման ու փոխադարձ հարգանքի մասին: Ցավոք սրտի, հակառակ այդ անդրադարձների, անցած երեք տասնամյակների ընթացքում, այդ առումով որևէ շոշափելի ձեռքբերում չի գրանցվել:

2018թ, իշխանափոխությունից հետո ոմանք միամտության ունեցան կարծելու, թե այդ դաշտում առաջընթաց կգրանցվի, և մարդիկ կսկսեն իրարից հստակ զատորոշել քաղաքականությունն ու անձնական կյանքը, բայց դրանք միայն հույսեր էին, երազներ, որ այդպես էլ լույս չընկան, հօդս ցնդեցին…առաջին հերթին հենց սիրո և համերաշխության վերնազգեստով հանդես եկողների պատճառով:

Այն, որ հետանկախության շրջանի մեր քաղաքական մթնոլորտը երբեք առողջ չի եղել, գաղտնիք չէ, բայց այսօր այն ոչ թե առողջ չէ, այլ՝ մահամերձ է: Նաև դա է պատճառը, որ Ազգային ժողովում ոչ թե աշխատում են, քննարկումներ անում, այլ՝ միմյանց մեղադրում, անպատվում ու վեճ հրահրում: Նման միջավայրից ի՞նչ լավ բան կարող է որոշվել: Հաճախ այդ վեճերը շարունակվում են համացանցում՝ բամբասանքի ու «բեսեդկայի» մակարդակի բառապաշարով, որին խառնվում են նույն քաղաքական գործիչների կանայնք, երեխաները, բարեկամներն ու վճարվող կեղծ օգտատերերը:


Ասենք՝ վարչապետն ու Էդմոն Մարուքյանը կարող են երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում տակառ գլորել իրար վրա՝ համեմված թաքուն ու անթաքույց վիրավորանքերով, որից հետո, երեկոյան, վեճը տեղափոխվի Ալեն Սիմոնյանի ու Դավիթ Խաժակյանի դաշտ, բնականաբար՝ վիրավորանքներով ու մերժելի մեկնաբանությունների ուղեկցությամբ:


Թող ներվեմ, եթե ոմանք տողերիս մեջ հակահեղափոխականության տարրեր տեսնեն, բայց, եկեք շիտակ լինենք և ընդունենք, որ օրվա գաղջ մթնոլորտի գլխավոր ճարտարապետը երկրի վարչապետն է: Որքան էլ տարօրինակ թվա, նրա քարոզած սերն ու հանդուրժողականությունը լրիվ այլ բնույթ են ստացել: Ավելին՝ հենց նրա թեթև ձեռամբ մեր քաղաքական դաշտը դարձավ ընտանեկան հարաբերություններ պարզելու ասպարեզ. երկու քաղաքական գործիչ գաղափարական կոնֆլիկտ ունեն, և ահա, չգիտես որտեղից, կոնֆլիկտին է խառնվում կողմերից մեկի՝ խաղալիքներից նոր հրաժարված երեխան և Խիկար Իմաստունի պես սկսում խորհուրդներ տալ հակառակ կողմին:

Դրա լավագույն օրինակը կարող է լինել հենց վարչապետի կնոջ կամ աղջկա օրինակը, առավել առարկայական՝ հավերժ անմոռանալի Վանեցյան-Մարիամ «բանավեճը»: Մի երևույթ, որը հետագայում պետք է աչքի առաջ ունենան բոլոր քաղաքական գործիչները, որպեսզի գիտակցեն, թե ինչի չի կարելի է երեխային:
Եկեք ինքներս մեզ հարցնենք՝ մամուլում, խորհրդարանում ու լրատվական տարբեր հարթակներում ինչպիսի՞ մեծ աղմուկ կբարձրացներ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, եթե մերժյալ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի դուստրը Գորիկ Հակոբյանի հետ խոսեր հեգնական տոնով, ի պաշտպանություն իրենց հայրերի՝ բաց նամակներ գրեին նրան ու դիմեին «Գորիկ ջան» ձեւով:


Վստահաբար՝ ընդդիմադիր Փաշինյանը երևույթը կմեկնաբաներ այնպես, որ հասարակությունը կարծիք կազմեր, թե Քոչարյանն ու Սարգսյանը զորություն չունեն հարցերը լուծելու, և քաղաքական դաշտ են բերել իրենց ընտանիքի անդամներին՝ ինչ-որ տեղ արժեզրկելով նաեւ ԱԱԾ-ի ու նրա սպայի դերը:
Անշուշտ, ընդդիմադիր Փաշինյանը սխալված չէր լինի, բայց քանի որ վարչապետ Փաշինյանը Սերժ Սարգսյանի հետ մերժել է նաև ընդդիմադիր Փաշինյանին, հետն էլ իրավիճակ է փոխվել, այսօր արդեն «նորմալ է», երբ վարչապետի 20-22-ամյա աղջիկը հեգնական տոնով ու «Արթուր ջան» մոտեցմամբ է խոսում 20-22 տարի ՀՀ անվտանգության համակարգում աշխատած Արթուր Վանեցյանի հետ, նորմալ է, որ նույն աղջիկը մանկապարտեզի դաստիրակի դիրքերից խորհուրդներ է տալիս ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, այլև՝ ամբողջ հայությանը:


Ինչպես մեր հարեւան անգրագետ Պողոսի համալսարանավարտ կրտսեր որդի Բաբկենն ու աներձագ Հրաչյան իրավունք ունեն կարծիք հայտնելու, այնպես էլ վարչապետի դուստրը, որովհետեւ նա էլ բոլորիս պես մարդ է, տեսակետներ ունի, բայց Գալուստ Սահակյանը մի բան գիտեր, երբ ասում էր՝ «Չափն անցնելով անչափ չեք դառնում»:


Չի կարելի երեխային կամ կնոջը թույլ տալ՝ խառնվի քաղաքական գործերին, հատկապես այն գործերին, որը վերաբերում է ՀՀ նախկին ԱԱԾ տնօրենին ու ներկա վարչապետին: Չի կարելի թույլ տալ, դա հակասում է ե՛ւ քաղաքական էթիկային, ե՛ւ ծնողական բարոյականությանը:


Այս վարքագծով ամեն բան խախտվում է քաղաքական դաշտում, եւ դա լավ բանի հանգեցնել չի կարող: Այո, չի կարող բարի լինել այն պայքարի վախճանը, որտեղ զուգարակակոնքերի ճակատագրով մտահոգ վարչապետի՝ զուգարանի հայելիների առաջ նկարվող դուստրը, կարելի է ասել, անպատվում է իր կյանքի կեսը հայրենիքի անվտանգության պաշտպանությանը նվիրած սպային: Անհնար է:


Միաժամանակ չի՛ կարելի հայհոյել ու անպատվել վարչապետին միայն այն բանի համար, որովհետև համաձայն չես նրա հետ: Առհասարակ հայհոյանքը որևէ բանի դեմ է, իսկ մեզ հանուն է հարկավոր, հանունը սիրելով ու օգնելով են իրագործում:

Գևորգ Գյուլումյան

դիտվել է 15744 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Համացանցում հայտնվել է «Դասարանցիները» ֆիլմի թրեյլերը

Տեսանյութ է հրապարակվել Երևան-Սևան մայրուղու վրա տեղի ունեցած վթարից (տեսանյութ)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից