19 / Փետրվար / 2021 : 18-10

Նիկոլ Փաշինյանը մնում է ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը. GALLUP

Ըստ «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության կողմից անցկացված վերջին հարցման՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում շարունակում է մնալ ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցման արդյունքներն ասուլիսում ներկայացրեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

Հարցումն անցկացվել է Հայաստանի Հանրապետությունում 2021թ փետրվարի 15-ից-17-ը:

Նախ` հարցման մասնակիցներին առաջարկվել է գնահատել քաղաքական գործիչների հանդեպ վերաբերմունքը՝ 1-5 բալանոց սանդղակով: «Ներկայացված են միջին գնահատականները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է 2.8 բալ, նախագահ Արմեն Սարգսյանը՝ 2.3 բալ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 1.7 բալ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ 2 բալ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ 1.7 բալ, «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ 2.2 բալ, «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ 1.8 բալ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ 1.5 բալ, «Հայաստանի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանը՝ 1.6 բալ, «Հայ յեղափոխական դաշնակցությունից»-ի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ 1.6 բալ »,-ասաց Նավասարդյանը:

 

Նա հայտնեց, որ նշված բոլոր քաղաքական գործիչներն էլ միջինից ցածր գնահատական են ստացել, այսինքն՝ չկա դրական տիրույթում գնահատված քաղաքական գործիչ:

Առկա քաղաքական վիճակում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը միանշանակ անհրաժեշտ է համարել հարցվածների 37.1 տոկոսը, «ավելի շուտ անհրաժեշտ է» տարբերակը ընտրել է 21.3 տոկոսը, «ավելի շուտ անհրաժեշտ չէ» նշել է 13.6 տոկոսը և «ընդհանրապես անհրաժեշտ չէ» տարբերակը նշել է 19.7 տոկոսը: Այսպիսով՝ մոտ 58 տոկոսը պատասխանել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն կա:

 

Քաղաքացիներին նաև առաջարկվել են տարբերակներ, թե արտահերթ ընտրությունների անցկացման ո՞ր տարբերակն են համարում ընդունելի կամ ճիշտ: «41.2 տոկոսը նշել է, որ ընտրությունները պետք է անցկացվեն Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, 28.2 տոկոսը նշել է, որ ընտրությունները պետք է անցկացվեն առանց Նիկոլ Փաշինյանի ղեկավարության և 7.9 տոկոսը նշել է, որ ընտրությունները պետք է իրականացվեն ընդդիմության առաջարկած ժամանակավոր կառավարության կողմից»,-ասաց Նավասարդյանն ու հավելեց՝ այս հարցին դժվարացել է պատասխանի գրեթե 14 տոկոսը, այլ տարբերակները եղել են 8.9 տոկոս:

Փետրվարի 7-ին «Իմ քայլը» հայտարարություն է տարածել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտություն չի տեսնում: Քաղաքացիներին հարցրել են, թե արդյոք համաձա՞յն են այդ որոշման հետ: 28.2 տոկոսը նշել է, որ լիովին համաձայն է, ավելի շուտ համաձայն է եղել 11.7 տոկոսը, ավելի շուտ համաձայն չէ  15.9 տոկոսը, «ընդհանրապես համաձայն չէ» տարբերակը նշել է 35 տոկոսը: Այսինքն՝ մոտ 51 տոկոսը համաձայն չէ այդ որոշման հետ: 9.2 տոկոսը դժվարացել է այդ հարցին պատասխանել:

Քաղաքացիներին հարցրել են նաև՝ եթե խորհրդարանական ընտրությունները լինեն առաջիկա կիրակի օրը, ո՞ր կուսակցությանը կտան իրենց ձայնը: «Իմ քայլը» խմբակցությանը» տարբերակը նշել է 33.1 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 4.4 տոկոսը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 2.6 տոկոսը, «Հայաստանի Հանրապետական կուսակցությանը» նշել է 2.2 տոկոսը, «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցությանը՝ 2.2 տոկոսը, «Հայրենիք» կուսակցությանը՝ 0.9 տոկոսը, «Հանրապետություն» կուսակցությանը՝ 0.7 տոկոս, «Սասնա ծռեր»՝ 0.4 տոկոս, «Քաղաքացու որոշմաը»՝ 0.2 տոկոս և այլն: Եղել են նաև անհատներով պատասխաններ, 5.6 տոկոսը նշել է, որ ձայնը կտա Ռոբերտ Քոչարյանին, 0.9 տոկոսը՝ Վազգեն Մանուկյանին: «Ոչ մեկին չեն քվեարկելու» տարբերակն ընտրել է հարցվածների 27.2 տոկոսը, այլ տարբերակները նվազ տոկոսներով են:

«Հասարակության շուրջ 40 տոկոսը չի կողմնորոշվում, չի գտնում կուսակցություն, ում կարող է ձայն տալ»,-նշեց Նավասարդյանը:

Հարցվածների 38.8 տոկոսը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է շարունակի պաշտոնավարել, «Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա» տարբերակը նշել է 43.6 տոկոսը, հարցին դժվարացել է պատասխանել 17.6 տոկոսը: Նավասարդյանը նկատեց, որ եթե նախորդ հարցման ընթացքում՝ նոյեմբերի 13-ին միայն 35 տոկոսն է ասել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, ապա հիմա այդ ցուցանիշը գրեթե 8 տոկոսով աճել է:

Դիտվել է 53993անգամ
Վերջին լուրեր