31 / Մայիս / 2021 : 14-44

Եթե մարդը զուրկ է մշակույթից, ուրեմն նա դիմագիծ չունի, տեսակ չունի, ասել է՝ ազգային մտածելակերպ և նույնիսկ ազգություն չունի. Դավիթ Գրիգորյան

Yelaket.am-ի զրուցակիցը Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Գրիգորյանն է։

-Պարոն Գրիգորյա՛ն, որքանո՞վ է մշակույթի իմացությունն ու պահպանությունը կարեւոր ապագայի համար։

-Տեսեք, մենք հպարտանում ենք մեր մշակույթով ու այն ստեղծած մարդկանցով։ Մենք հպարտանալու տեղ ունենք, որովհետև հյուսիսից հարավ, արևելքից-արևմուտք չկա մի պետություն, որտեղ տարածված չլինի հայ ճարտարապետների, երաժիշտների, արվեստաբանների ու մյուսների անունները։ Մենք անհատականության գեն կրող ազգ ենք․ այդ բջիջն է պետք արթնացնել։ Ցավում եմ, որ այսօր ոմանք ուղղորդված կերպով ստորադասում են մեր մշակույթը։ Իհարկե, ես չեմ մերժում այլ մշակույթները, ինչ-որ տեղ կարող եմ համադրել այն մերի հետ, բայց գերադասել չեմ կարող։ Մշակույթը ցանկացած ազգի համար անձնագիր է, որքան զորեղ է այն, այնքան զորեղ է դրա ներկայացուցիչը։ Մշակույթն ապագա կերտող հիմնական դետալներից մեկն է, եթե մարդը զուրկ է մշակույթից, ուրեմն նա դիմագիծ չունի, տեսակ չունի, ասել է՝ ազգային մտածելակերպ և նույնիսկ ազգություն չունի․ այդ տեսակ մարդը սարսափելի, չափազանց սարսափելի մարդ է։
-Պետականության համատեքստում ընատնիքի դերը որքա՞ն կարեւոր է։

Ընտանիքը բացարձակ, անքննելի արժեք է, որովհետև պետություն ստեղծող ու շենացնող կարևորագույն բջիջներից մեկն է։ Ընտանիքն է պետության մանրակերտը, որովհետև այնտեղ են դաստիարակություն ստանում մեր հասարակության բոլոր ոլորտների ներկայացուցիչները։ Ես միշտ համոզված եմ եղել և հիմա էլ համոզված եմ, որ մեր պետության ապագան կերտողները դուրս են գալիս բացառապես ազգային-ավանդական ընտանիքներից։
-Այսօր արդիական է նաեւ լեզվի խնդիրը։

Ես շատ եմ կարևորում մայրենի լեզուն, իհարկե, լավ է երբ մարդը կարողանում է մի քանի օտար լեզուների տիրապետել, բայց երբեք չպետք է մոռանանք մերի մասին։ հայերենը եզակի, անկրկնելի լեզու է։ Օրինակ՝ իսպաներենը 23 պետություններում պետական լեզու է, իսկ մերը՝ հայերենը՝ միայն հայերի համար է և դա առանձնահատկություն է, շատ մեծ առանձնահատկություն։ Երբեմն ոմանք վարժ անգլերեն են խոսում կամ ռուսերեն, որոնց շրջապատում համարում են անգլերեն մտածողներ, ես գտնում եմ որ հայը պետք է հայերեն մտածի։ Հայերնը Մաշտոցն ստեղծել է Աստծո ներշնչմամբ, և մեծ մեղք է նման սրբությունն ինչ-որ այլ լեզվի ստորադասելը։ Վերջին հաշվով՝ մենք աշխարհի ամենահին լեզու ունեցողներից մեկն ենք, մեր լեզուն հազարամյակների պատնեշներ է խորտակել ու այսօրվան հասել, որ տանը մեր երխաների հետ օտար լեզվո՞վ խոսենք։ Վիլյամ Սարոյան ասում էր՝ «հայոց լեզվի ուսուցումը հավատքի հարց է»։

Սա կարևոր միտք է և պետք է մշտապես հիշել։ Վերջերս բուռն քննարկման առարկա դարձավ հայագիտական առարկաները, այդ թվում հայոց լեզուն, բուհերում ոչ պարտադիր դարձնելու նախաձեռնությունը․ դա ուղղակի խայտառակություն էր, ազգային ամոթ, որովհետև հայերենը ոչ դպրոցում և ոչ էլ բուհում չպետք է երկրորդական դեր ստանա, այն միշտ պետք է բարձրում լինի։ Ես անվիճելի, անսակարկելի համոզմունք ունեմ, որ լեզուն ստեղծում է մարդու մտածելակերպը։ Մենք ունենք ազգային մշակութային մեծ ժառանգություն, որը խորապես կարող ենք ընկալել միայն հայերենով։ Հայերենը մեր ամենամեծ հարստությունն է, և ավելորդ չեմ համարի հիշել Ջորջ Բայրոնի հայտնի միտքը՝ հայերենի ու հայերի մասին արտահայտվելիս․ «Այս ազգը ձեռք է բերել հարստություն առանց վաշխառության»։
-Վերջին հարցը, Պարոն Գրիգորյան, ինչ արժեք ու դերակատրություն ունի պետությունը, պետության գաղափարը։

-Շատ ճիշտ ժամանակին տվեցիք այս հարցը։ Քիչ առաջ ինչի մասին խոսեցի ես, մարդը պետք է դրանք բոլորն ամբողջությամբ կրի, սիրի և գուրգուրի, որպեսզի կարողանա պետություն ունենալ, որը դառնում է ամենամեծ արժեքը, որովհետև եթե պետություն չունեցար, կորցնելու ես թվարկված բոլոր արժեքները, իսկ առանց դրա ինչի է նմանվում մարդը՝ անձև, անդեմ մեկն է դառնում։

Կարդացեք նաև սա
Դիտվել է 63452անգամ
Վերջին լուրեր