19 / Հուլիս / 2021 : 19-53

Հարաբերությունների պարզման նման բարքը դատապարտելի է. Սուքիասյանը`աղմկահարույց միջադեպի մասին

Գործարար Խաչատուր Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` արձագանքելով լուրերին, թե Երևանի Ամիրյան փողոցում հուլիսի 18-ի երեկոյան տեղի ունեցած հրաձգության աղմկահարույց միջադեպին մասնակցել է նաև եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, ավելին՝ նա է եղել հրազենից կրակոցներ արձակած անձը:

«Երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած տհաճ և անթույլատրելի միջադեպն ինձ համար անընդունելի է: Հարաբերությունների պարզման նման բարքը դատապարտելի է: Թե ինչ է տեղի ունեցել իրականում, ավելի ճիշտ կհայտնեն ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչները՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելուց հետո:

Հայտարարում եմ, որ անկախ մարդու ով լինելուց, Հայաստանի հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար են՝ անկախ սոցիալական և քաղաքական կարգավիճակից»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ երեկ Ամիրյան փողոցում հնչել են կրակոցներ, որոնց արդյունքում կա նաեւ հրազենային վնասվածք ստացած անձ։
Դիտվել է 8208անգամ
Վերջին լուրեր