22 / Հուլիս / 2021 : 12-34

Կառավարությունը եւ խորհրդարանական մեծամասնությունը ընդունում են ՍԴ ուղերձը՝ կապված ատելության խոսքի հետ. Փաշինյան

Կառավարությունը եւ խորհրդարանական մեծամասնությունը ընդունում են ՍԴ ուղերձը՝ կապված ատելության խոսքի հետ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա մեջբերեց ՍԴ որոշման մեջ ատելության խոսքին վերաբերող հատվածը. «ՍԴ-ն հաշվի առնելով վարչապետի սահմանադրական կարգավիճակը եւ լիազորությունների ծավալը, Հայաստանի սահմանադրական ժողովրդավարության պայմաններում, ինչպես նաեւ քաղաքական մեծամասնության ունեցած ազդեցությունը հանրային մարմինների համակարգում, ընդգծում է նրանց կողմից գործուն միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը հայաստանյան քաղաքական խոսքում ատելության, բռնության, վիրավորանքի եւ արժանապատվությունը նվաստացնելու կասկած հարուցող խոսքի եւ վարքագծի որեւէ դրսեւորում, ներառյալ նաեւ նախընտրական քարոզչության ժամանակ հնչեցվող խոսքում բացառելու նպատակով:


Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կողմից իրականացվող նախընտրական քարոզչությունն ուղղված է ընտրողների վստահությունը ձեռք բերելուն, ամրապնդելուն: Այս գործընթացում առանցքային դեր պետք է կատարի տնտեսական,ս ոցիալական, պաշտպանական եւ այլ ոլորտներում քաղաքական ուժերի ծրագրային դրույթների մասին ընտրողների իրազեկումը, այդ դրույթների առարկայական քննարկումը՝ չբացառելով նախընտրական քարոզչության ժամանակ սուր քննադատական խոսքը, որը սակայն չպետք է ուղեկցվի ատելության, բռնության, վիրավորանքի եւ արժանապատվությունը նվաստացնելու կասկած հարուցող խոսքով եւ վարքագծով: Ընդ որում նշված գործընթացի արդյունավետությն ապահովման հարցում մեծ դեր ունեն ընտրություններին մսնակցող բոլոր քաղաքական ուժերը»:

Նիկոլ Փաշինյանը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ այս գնահատականը վերաբերում է ոչ միայն նախընտրական քարոզարշավին, այլ նաեւ ընդհանրապես քաղաքական խոսույթին ու վարքագծին. «ՔՊ-ն ԱԺ-ում եւ ԱԺ-ից դուրս տրամադրված է կառուցողական, փոխադարձ հարգանքի վրա հիմնված աշխատանքի հանուն մեր երկրի անվտանգության, բարեկեցության եւ զարգացման: Մենք վճռական ենք մեր ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները լիարժեք կատարելու գործում եւ պատրաստ ենք համագործակցային, ատելության խոսքից, բռնության խոսույթից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնող բառապաշարից զերծ աշխատանքի ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ: Ինչպես գիտեք արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցություննինստիտուցիոնալ տեսք է ստանում, իսկ խորհրդարանական ուժերի հետ հարաբերություններն ինստիտուցիոնալացված են Սահմանադրությամբ եւ օրենքներով:

Ընդգծում եմ, որ ՀՀ կառավարությունը եւ ԱԺ մեծամասնությունը ընդունում են ՍԴ ուղերձը եւ ինչպես քաղաքական, այնպես էլ օրենսդրական եւ իրավական անհրաժեշտ միջոցները կձեռնարկեն հայաստանը եւ նրա ժողովրդին ատելության խոսքից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված խոսույթից զերծ պահելու համար»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Դիտվել է 6532անգամ
Վերջին լուրեր