27 / Ապրիլ / 2020 : 18-26

Միշայի մասնակցությամբ տարիներ առաջ նկարահանված   «Лучше Всех» հաղորդումը վաղը կլինի եթերում. ինչո՞վ է հայ երգիչը զարմացրել Մաքսիմ Գալկինին

Ռուսական Առաջին ալիքի «Лучше Всех» հաղորդման առաջիկա թողարկման մասնակիցներից է լինելու նաեւ «Արցախի ձայներ» խմբի երգիչ, «Մանկական Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ Միշա Գրիգորյանը: Այս մասին Միշան հայտնել է Instagram-ի իր էջում` տեղեկացնելով նաեւ, որ հաղորդումը տարիներ առաջ է նկարահանվել, սակայն հեռուստատեսությամբ ցուցադրվելու է առաջին անգամ:

Նա նշեց, որ Առաջին ալիքի անձնակազմն իր հետ օրերս է կապվել եւ հայտնել հաղորդման այդ թողարկումը հեռարձակելու մասին:

«Հաղորդման աշխատակիցներից մեկն ինձ նախորդ շաբաթ է զանգահարել ու տեղեկացրել, որ այս կիրակի Միշայի մասնակցությամբ հաղորդումը կլինի եթերում: Ես նշեցի, որ արդեն բավական ժամանակ է անցել, Միշան էլ բավական մեծացել է այս ընթացքում, բայց նրանք ասացին, որ ամեն ինչ կարգին է, որովհետեւ այս ընթացքում իրենք այլ հաղորդումներից էլ են կրկնություններ ցուցադրում: Ես էլ համաձայնեցի առաջարկին, կարծում եմ` ավելի հետաքրքիր կլինի: Ինչպես Միշան իր ինստագրամյան էջում է նշել` հետաքրքիր կլինի վերհիշել իրեն «Մանկական Եվրատեսիլ»-ից եւ ռուսական «Голос Дети»-ից առաջ»:

Պրոդյուսերը նաեւ բացահայտեց, թե ինչպես է Միշան դարձել հաղորդման մասնակից եւ ինչով է զարմացրել հաղորդավար Մաքսիմ Գալկինին եւ հանդիսատեսին.

«Հաղորդումը նկարահանվել է մինչեւ Միշայի` «Մանկական Եվրատեսիլ» գնալը: Հրավերը ստացել էինք հաղորդման անձնակազմի կողմից եւ շատ լավ համար էինք պատրաստել: Միշան ներկայացրել է պոպուրի: Հաղորդման կազմը Միշային ներկայացրել է` որպես երեխայի, որն իր տարիքի համեմատ բավական շատ երգեր գիտի, հիշում է թե´ մեղեդիները, թե´ տեքստը, իսկ այդ ժամանակ Միշան դեռ 7 տարեկան էր, ինչը, իսկապես, զարմանալի երեւույթ էր: Նա իր ռեպերտուարում արդեն ուներ 50-ից ավելի երգ, անգամ քնած տեղից, եթե արթնացնեիր, պատրաստ էր երգել»:

Լիրան դժվարացավ վերհիշել, թե կոնկրետ որ երգերն է Միշան կատարել հաղորդման ընթացքում` դա թողնելով անակնկալ: Իսկ Միշայի մասնակցությամբ «Лучше Всех» հաղորդումը Ռուսաստանի Առաջին ալիքի եթերում կլինի վաղը, ժամը 19:25-ին:

 

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Միշայի ինստագրամյան էջից

Դիտվել է 10375անգամ
Վերջին լուրեր