15 / Սեպտեմբեր / 2021 : 17-40

Գորիս-Կապան ավտոճանապարհը երկու տեղ դուրս է գալիս ՀՀ վարչական սահմանից․Նիկոլ Փաշինյան

ՀՀ Ազգային ժողովում ընթանում է Կառավարության հետ հարցուպատասխանը: Նիստի ժամանակ ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը հարց ուղղեց Գորիս-Կապան ճանապարհի եւ տեղադրված անցակետի մասին: Հարցին պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Գորիս-Կապան ավտոճանապարհի հատվածում ադրբեջանական կողմի գործողություններն արվում են ի պատասխան հայկական կողմի հայտարարությունների, հիշեցումների, որ թե նոյեմբերի 9-ի, թե հունվարի 11-ի հայտարարություններում ՀՀ-ի տարածքով միջանցք տրամադրելու վերաբերյալ դրույթ հիշատակված չէ», -նշեց Փաշինյանը։

«2020 թվականի դեկտեմբերին մենք իրականացրել ենք ՀՀ-ի Զինված ուժերի դիրքերը ՀՀ խորհրդային միությունից ժառանգած սահմանների հետ համապատասխանեցնելու գործընթաց: Եվ այդ գործընթացն իրականացվել է ռազմական նոր էսկալացիայից խուսափելու համար»,-ասաց վարչապետը՝ հիշեցնելով, որ մանրամասն մոտիվացիաները ներկայացրել է նախորդող շրջանում:

Վարչապետն այս համատեքստում կրկին հիշեցրեց 2010 թվականին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված Վարչատարածքային բաժանման մասին օրենքը:

«Դրանում հստակ արձանագրվում է, որ, մասնավորապես, Շուռնուխ և Որոտան գյուղերի վարչական սահմանները համապատասխանում են հայ-ադրբեջանական սահմանին: Եվ տվյալ դեպքում պետք է արձանագրեմ նաև, որ այս իրողությունն է, և ԽՄ ժամանակ մասնավորապես այդ հատվածում Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի գոյություն ունեցած վարչական սահմանն է, որը հետագայում արդեն վերածվել է պետական սահմանի: Այս իրողությունն է ընդունվել որպես հիմք: Հիմա այս նույն տրամաբանությամբ այդ հատվածներում երկու տեղ՝ Գորիս-Կապան ավտոճանապարհը դուրս է գալիս ՀՀ-ի կամ Խորհրդային Հայաստանի վարչական սահմանից: Եվ նաև այս հանգամանքի բերումով է, որ ժամանակին ձեզ հայտնի տեղերում հայտնվել են մեզ հայտնի ցուցանակները և մեզ հայտնի հենակետերը»,-ասաց նա:

Ավելի մանրամասն տեսանյութում։

Դիտվել է 5067անգամ
Վերջին լուրեր