Ես չգիտեմ, թե ինչով էին մտածում Բաքվում. Զոհրաբ Մնացականյան
Արցախում մեր հայրենակիցներն ու հայ ժողովուրդն այսօր պայքարում են 3 թշնամու դեմ՝ Թուրքիա, Միջազգային ահաբեկիչ զինյալներ և Ադրբեջան: Այս մասին խորհրդարանում 2021 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Մնացականյանի խոսքերով, ահաբեկիչների հայտնվելը մեր տարածաշրջանում առավել քան մարտահրավեր է շատ ավելի լայն կոնտեքստում, քան՝ բուն մեզ համար. «Դրա հետևանքներն իրապես լրջագույն են: Ես չգիտեմ, թե ինչով էին մտածում Բաքվում, երբ այդ զինյալներին ներքաշում էին այս պատերազմի մեջ: Դա վտանգ է ամբողջ տարածաշրջանի համար ու ոչ միայն»:
ԱԳ նախարարը նշեց, որ սա նոր իրողություն է մեր տարածաշրջանում, որն առաջ է բերում գերակայությունների նոր շրջանակ՝ ահաբեկչության դեմ պայքարի տարածաշրջանային առումով նոր անհրաժեշտ նպատակների. «Կա միջազգային համագործակցության շրջանակ, տարբեր տարածաշրջանային հարթակներ, որի մեջ մենք ներգրավված ենք, բայց սեպտեմբերի 27-ից սկսած մենք ունենք իրավիճակ, որը վերաբերում է անմիջապես մեր տարածաշրջանին: Մեր կարևոր գործառույթներից մեկն է ավելի համալրված ու թիրախային աշխատանք կազմակերպել այս իրողության դեմ պայքարելու համար տարածաշրջանում:
Այդ վտանգը դուրս է գալու տարածաշրջանից դուրս ու վտանգավոր է այլ երյկրների համար: Մենք, պայքարելով այդ երևույթի դեմ, պետք է կառուցենք ավելի հիմնավոր կարողություններ»: