Արցախը որևէ ապագա Ադրբեջանի կազմում չի ունեցել և չունի, նման իրավիճակը նշանակում է Արցախն առանց հայերի, դա չի լինելու. Զոհրաբ Մնացականյան

Արցախի սուբյեկտայնության հարցը մեզ համար նոր հարց չէ, բայց այսօրվա իրողությունները, իրավիճակն առավել ընդգծում է մեկ պարզ իրողություն, որ դա մշտապես եղել է գերակայություն: Այս մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստին ասաց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Արցախը որևէ ապագա Ադրբեջանի կազմում չի ունեցել և չունի, նման իրավիճակը նշանակում է Արցախը առանց հայերի, դա չի լինելու: Սա առավել ընդգծված է այսօր, սա առավել ընդգծում է մեր՝ ոչ թե արտաքին քաղաքականության, այլ համազգային նպատակը: Ես չեմ կարծում, որ որևէ հայ, որտեղ էլ նա գտնվի, կարող է համակերպվել որևէ մտքի հետ, որ մեր 150 հազար հայրենակիցները Ղարաբաղում, որոնք այսօր պահապանն են մեր ինքնության ամրության, կարող են ենթարկվել վնասի»,- ասաց ԱԳ նախարարը և նշելով, որ մեր համազգային ռեսուրսը ուղղված է դրան: