12 / Ապրիլ / 2020 : 10-29

Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը

Այսօր hայ առաքելական սուրբ եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:

Ս. Հարության տոնը քրիստոնյա աշխարհի մեծագույն իրադարձություններից մեկն է: Քրիստոս խաչվեց մարդկությանը մեղքերից փրկելու համար, ապա հարություն առավ, որպեսզի խորտակվի անխուսափելի մահվան իշխանությունը: Եվ այսօր Քրիստոս, հարություն առնելով մեռելներից,  Իր հետ հարություն տվեց նաև մեզ, որ մեղքերի ու մահվան մեջ էինք:  Հարության շնորհիվ մենք հասկացանք, թե որն է մարդկային կյանքի նպատակը: Մահը, լինելով վախճանը երկրավոր կյանքի, դառնում է սկիզբը՝ երկնավոր կյանքի:

Հիսուս Քրիստոսի Հարությունը քրիստոնեության հիմքն է: Այդ պահից գրեթե երկու հազար տարի Զատիկը տոնվում է որպես ազատագրում, մեղքերից ապաշխարություն և վերադարձ առ Աստված:

Զատկի տոնին մարդիկ ձու են ներկում: Ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար Արյունը, որ թափվեց մեր փրկության համար: Ս. Գրիգոր Տաթևացին ձուն կարմիր ներկելու մասին ասում է. «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի, և, ինչպես իմաստուններն են ասում` «դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը` օդին, սպիտակուցը` ջրին, դեղնուցն էլ երկիրն է:

Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»: Ս. Հարության  տոնին նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ընթացքում պահք պահողները Ս. Հաղորդություն ստանալով, դուրս են գալիս պահքից։ Հավատացյալները միմյանց ողջունում են տալով Քրիստոսի Հրաշափառ Հարության ավետիսը՝ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց», պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։

Այս ավետիսը պետք է հնչի յուրաքանչյուրի հոգում և տանը՝ ավետելով նոր, մաքուր սկիզբը։

Դիտվել է 50602անգամ
Վերջին լուրեր