11 / Նոյեմբեր / 2020 : 13-36

Ստորագրած փաստաթուղթը չի լուծում Արցախի հիմնախնդիրը, այն մեծ ռիսկեր է պարունակում նաեւ Հայաստանի համար. Արա Զոհրաբյան

Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը չի լուծում Արցախի հիմնախնդիրը, ինչպես նաեւ մեծ ռիսկեր է պարունակում նաեւ Հայաստանի համար՝ հետագայում պատերազմը Հայաստան տեղափոխելու մասով։ Այս մասին գրառում է արել Արա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Որպես քաղաքացի չեմ ցանկացել նախկին ռեժիմների վերակենդանացումը:

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ժամը 13:00-ին Ազատության հրապարակում մասնակցելու եմ հրավիրված հանրահավաքին, հետեւյալ պատճառաբանությամբ.

1) Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված փաստաթուղթը չի արտահայտում Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների շահերը, ինչպես նախապես հրապարակային խոստացել էր Նիկոլ Փաշինյանը, բացի այդ ստորագրվել է գաղտնիության պայմաններում՝ առանց քննարկման,

2) Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված փաստաթղթում Արցախի կարգավիճակի մասին խոսք չկա, Սյունիքի մարզում Ադրբեջանի եւ Նախիջեւանի համար ճանապարհ ստեղծելու պարտավորություն է նախատեսվել, եւ բացի Նիկոլ Փաշինյանն ընդունել է, որ Աղդամը, Քելբաջարը, Լաչինը Հայաստանն է պահում, դրանով իսկ Ադրբեջանի համար իրավական հիմքեր ստեղծելով Հայաստանի դեմ վնասների պահանջ ներկայացնելու եւ Հայաստանին, որպես ագրեսոր ներկայացնելու համար,

3) Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը չի լուծում Արցախի հիմնախնդիրը, չի կանխում ադրբեջանաթուրքական ագրեսիան եւ նրանց ծրագրերը, ինչպես նաեւ մեծ ռիսկեր է պարունակում նաեւ Հայաստանի համար՝ հետագայում պատերազմը Հայաստան տեղափոխելու ռիսկով,

4) Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված փաստաթուղթը չի գործի միայն նրա հրաժարականի դեպքում, քանի որ բովանդակային իմաստով պարունակում է միջազգային պայմանագրի դրույթներ, եւ պետք է ուժի մեջ մտներ միայն Ազգային ժողովի վավերացման դեպքում, իսկ ձեւական առումով, քանի որ ներկայացվում է, որպես հայտարարություն, ապա Հայաստանի եւ Արցախի համար որեւէ պարտավորություն չի կարող առաջացնել,

5) Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հետաձգումը յուրաքանչյուր օր ավելի է բարդացնում մեր փաստացի դիրքերը Արցախում:

Հ.Գ. 1. Չեմ կիսում հանրահավաք կազմակերպած կուսակցությունների գաղափարները եւ նրանց կուսակցական շահերի հետ առնչություն չունեմ:

Հ.Գ. 2. Հանրահավաքի մասնակիցներին կոչ եմ անում բռնություններից, կամ այլ անօրինական գործողություններից հեռու մնալ եւ պահպանել մեր միասնականության ոգին:

Հ.Գ. 3. Իրավապահներին հիշեցնում եմ, որ երբ դուք Հանրային ռադիոյի շենք ներխուժած քաղաքացիների արարքին իրավական գնահատական չտվեցիք, ըստ էության համարելով, որ արդար նպատակ են ունեցել, ապա ի գիտություն ընդունեք, որ այս հանրահավաքի մասնակիցները նույնպես արդար նպատակ ունեն»:

Դիտվել է 13494անգամ
Վերջին լուրեր