24 / Նոյեմբեր / 2020 : 20-31

ԱԺ խորհուրդը որոշել է Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով դիմել ՍԴ

ԱԺ խորհրդի նիստին որոշվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, լրագրողներին հայտնեց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը։

«Ակնհայտ քաղաքական որոշում ընդունվեց։ Քվեարկեցին կողմ, որ ուղարկեն ՍԴ՝ մանդատից զրկել միջնորդությունը։ Այն ինչն այսօր լսեցինք խորհրդի նիստում ակնհայտորեն ցույց տվեց, որ սա քաղաքական հետապնդման տարրեր են։ Բացահայտ քաղաքական հետապնդում է։ Այն հանգամանքները եւ այն դրույթները, որոնք ներկայացնում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավարը, այնքան անհեթեթ էին, ընդհանրապես չէին վերաբերում բուն գործընթացներին»,- նշեց Արման Աբովյանը։

Նշենք, որ ԱԺ խորհուրդը Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել է ՍԴ՝ հիմք ընդունելով Սահմանադրության 95-րդ հոդվածը, որն արգելում է պատգամավորին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ եւ պաշտոն ունենալ առեւտրային կազմակերպություններում:

Խորհրդի որոշման նախագծի հիմքում դրված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտնի եզրակացությունը։

Հիշեցնենք, որ նախապես նիստը նշանակվել էր այսօր, ժամը 11-ին, սակայն խորհրդի որոշ անդամներ ասել են, որ զբաղված են այդ ժամին, ուստի նիստը տեղափոխվել է երեկոյան 6-ին, որպեսզի բոլորը ներկա լինեն, բայց խորհրդի կազմի մեծամասնությունն իշխող «Իմ քայլը» խմբակցությունից է: ԱԾ խորհրդի այս նիստում ներկա չեն եղել ԼՀԿ-ի երկու անդամները, իսկ ԲՀԿ 4 անդամները դեմ են քվեարկել:

ՍԴ-ն պետք է քննի այդ որոշման սահմանադրականության հարցը առավելագույնը 30 օրվա ընթացքում եւ որոշում կայացնի:

Դիտվել է 8510անգամ
Վերջին լուրեր