26 / Նոյեմբեր / 2020 : 13-17

Ես ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի եւ իրադարձությունների հետագա զարգացման ողջ պատասխանատվությունը․ Փաշինյան

Ես` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը: Այս մասին նոյեմբերի 26-ին կառավարության նիստին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես գիտակցում եմ իմ պատասխանատվությունը` ոչ միայն վերջերս տեղի ունեցածի, այլ նաեւ իրադարձությունների հետագա զարգացման համար» - ասել է նա:

 Նրա խոսքով` ներքին եւ արտաքին կայունության ապահովումը եւ նոյեմբերի 18-ին իր կողմից հրապարակված «ճանապարհային քարտեզի» իրականացումը բացառիկ անհրաժեշտություն եւ գերակայություն է, եւ բոլոր ջանքերը պետք է կենտրոնացվեն այդ խնդրի լուծման վրա:

«Արցախցի հայրենակիցների համար արդեն երկու ծրագիր է ընդունվել: Այս միջոցառումները շարունակական կլինեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի: Առաջիկայում մեր ուշադրության կենտրոնում կլինեն Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի բնակավայրերի վերականգնման աշխատանքները` նույնպիսի ծրագրերի իրականացման միջոցով, որոնք իրականացվում են Տավուշի մարզում:

Բացարձակ առաջնահերթություն է անհայտ կորածների որոնման եւ գերիների փոխանակման աշխատանքները: Այս աշխատանքներն իրականացվում են ամեն օր: Հիմնական դժվարությունը կայանում է նրանում, որ, ցավոք, ամեն ինչ չէ, որ կախված է միայն մեզանից: Հրատապ միջոցառումների ցանկում ներառված է նաեւ պատերազմից տուժած քաղաքացիներին սոցիալական երաշխիքներ տրամադրելու ծրագրերի իրականացումը: Բացի այդ, նույնիսկ այս պայմաններում անհրաժեշտ է ապահովել իրականացվող ծրագրերի շարունակականությունը, ավելին` դրանց օրակարգը պետք է ընդլայնվի` հաշվի առնելով նոր մարտահրավերները»,- հավելեց Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը պարզաբանեց, որ դրան զուգահեռ պետք է աշխատանքներ տարվեն կատարվածի մանրամասները պարզաբանելու եւ վերլուծելու ուղղությամբ:

«Հայ հասարակությունը պետք է հարցերի պատասխաններ ստանա, թե ինչու եւ ինչպես ամեն ինչ տեղի ունեցավ: Քաղաքացիները պետք է կարողանան որոշում կայացնել: Շատ կարեւոր է, որպեսզի ժողովուրդն իրեն իր երկրի տերը զգա եւ դրա վրա կառուցի իր ապագան եւ իր համար հասկանա, թե ում հետ է կառուցելու այն եւ ով ինչ դեր է խաղալու:

Հայ ժողովրդի ստեղծագործական ներուժն անսահման է: Չի կարելի թույլ տալ, որպեսզի ապագայի նկատմամբ հավատը սպառվի: Բոլոր աշխատանքները պետք է ուղղվեն դրա ամրապնդմանը»,- եզրափակեց վարչապետը:

Դիտվել է 17142անգամ
Վերջին լուրեր