04 / Դեկտեմբեր / 2020 : 22-02

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի խանութներից մեկը՝ հափշտակել են 13 միլիոն դրամի օծանելիք (տեսանյութ)

Դեկտեմբերի 3-ին, ժամը 6-ի սահմաններում, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ Սայաթ-Նովայի պողոտայի օծանելիքի խանութ-սրահներից մեկը թալանել են։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը դեպքի վայրում արձանագրեց, որ ժամը 5.47-ին մի քանի հոգի կոտրել են խանութ-սրահի դռան ապակին, մտել ներս ու հափշտակել շուրջ 13 միլիոն դրամի օծանելիք։

Իրավապահները ձեռնարկեցին անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու և կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։ Ձեռնարկվող միջոցառումների շրջանակներում ստացվեցին նաև օպերատիվ տեղեկություններ՝ կատարողների ինքնության, հետո նաև գտնվելու վայրի վերաբերյալ։
Ահազանգից ժամեր անց ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները մայրաքաղաքի Գոգոլի փողոցում հայտնաբերեցին կասկածյալի մեքենան: Մեքենային փակցված էր գողացված համարանիշ, իսկ տարբերանշանը ծածկած էր։

Հանցագործության բացահայտման աշխատանքների մասին մանրամասներ է ներկայացնում ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Սերյոժա Հովակիմյանը. «Հետապնդում էինք կասկածյալի մեքենան, երբ նա փորձեց մեր տեսադաշտից դուրս գալ՝ անկանոն վարելով մեքենան։ Շարունակեցինք հետապնդել և բակային հատվածներից մեկում նրան վերցրինք շրջափակման մեջ։ Շրջափակման մեջ հայտնվելուց հետո նա հարվածեց մեր մեքենաներից մեկին, իջավ մեքենայից և դիմեց փախուստի։ Մենք շարունակեցինք հետևել կասկածյալին: Սարալանջի փողոցում նա սպառնաց, որ դանակով ինքնավնասում կանի։ Մեզ հաջողվեց ուժի գործադրմամբ վնասազերծել նրան, վերցնել դանակը և ատրճանակը։ Նրան, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցինք ոստիկանության Կենտրոնական բաժին»։

Մայրաքաղաքի 28-ամյա բնակիչը ձերբակալվել է։ Ոստիկանները նրա մոտից առգրավել են ատրճանակ ու դանակ, իսկ մեքենայում հայտնաբերվել է գողոնի մի մասը։
Ոստիկանները շարունակեցին միջոցառումները հանցագործությունը կատարած մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Տեղեկություններ ստացվեցին, որ նույն օրը երեկոյան նրանք լինելու են Զավարյան փողոցում։

«Դարանակալեցինք Զավարյան փողոցում։ Մեր տեսադաշտում հայտնվեցին կասկածյալները։ Փորձեցինք նրանց բերման ենթարկել։ Բերման ենթարկելու ընթացքում նրանցից մեկը դուրս հանեց գրպանից մարտական նռնակ և սպառնաց, որ կպայթեցնի բոլորիս։ Սկսեցինք բանակցել նշված անձի հետ, ստեղծվեց հարմար պահ և մենք ուժի գործադրմամբ նրա ձեռքից վերցրեցինք նռնակը», - նշեց ավահ օպելիազոր Սերյոժա Հովակիմյանը։

Զավարյան փողոցից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկվեցին Երևանի 18, 20 և 23-ամյա բնակիչներ՝ իրենց վարած մեքենայով հանդերձ։
Բաժնում պարզվեց նաև, որ բերման ենթարկվածները նույն ընկերության մյուս խանութ-սրահից և այլ տեղերից կատարել են մի շարք գողություններ։

Գողության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Երևանի 20-ամյա և 28-ամյա բնակիչները ձերբակալված են։

Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։

`

Դիտվել է 117259անգամ
Վերջին լուրեր