Մենք երբեք չենք հաշտվի այդ փաստաթղթի հետ, բայց մենք չենք կարող հրաժարվել դրանից․ Վագեն Մանուկյան
Վազգեն Մանուկյանը ներկայացրեց ՀՀ-ում և Արցախում իրավիճակը կարգավորելու անհրաժեշտ քայլերը
«Հայրենիքի փրկության խորհուրդ»-ի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը ներկայացրեց Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը կարգավորելու անհրաժեշտ քայլերի ճանապարհային քարտեզը: Այս հարցին Մանուկյանն անդրադարձավ դեկտեմբերի 5-ին Երևանի Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքում:
«Այն խնդիրները, որ դրված էին 1988 թվականին, նորից դրված են, և այդ բոլոր խնդիրները պետք է լուծվեն: Այս շարժումն այն ճանապարհն է, որը հնարավորություն է տալիս քաղաքակիրթ ձևով փոխել իրավիճակը Հայաստանում: Ձևավորվելու է ժամանակավոր կառավարություն: Որո՞նք պետք է լինեն այդ կառավարության խնդիրները: Դրանք պետք է լուծվեն բոլորը զուգահեռ, իրար հետ միասին»,- ասաց Մանուկյանը:
Վազգեն Մանուկյանը նշեց, որ առաջին խնդիրը կապված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության հետ:
«Մենք երբեք չենք հաշտվի այդ փաստաթղթի հետ, բայց մենք չենք կարող հրաժարվել դրանից: Դա կնշանակի պատերազմ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, խռովություն ռուսական խաղաղապահ զորքերի հետ: Այդ պայմանագիրը կազմված է մի շարք բացթողումներով, նոր կառավարությունը պետք է կարողանա բանակցությունների միջոցով ամեն անորոշությունը դարձնի ի օգուտ Հայաստանի: Մեզ պետք է նորից վերականգնել մեր բանակը, վերականգնել մարտունակությունը, դարձնել ժամանակակից բանակ: Անվտանգության հարցի մեջ է նաև մեր հատուկ հարաբերությունները Ռուսաստանի հետ: Պետք է վերականգնել դաշնակցային հարաբերությունները: Նորից պետք է մտնենք բանակցային գործընթացի մեջ, մեզ համար դա շատ կարևոր է»,- նշեց Վազգեն Մանուկյանը:
Շարժման վարչապետի թեկնածուն հավելեց, որ կարևորագույն խնդիր է նաև անհայտ կորած զինծառայողների, գերիների, վիրավոր զինծառայողների, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքներին ու Արցախից Հայաստան տեղափոխվածներին օգնելու հարցը:
«Կարևոր խնդիր է Հայաստանի մթնոլորտի առողջացումը: Հայաստանում աշխատում են արտաքին ազդեցություն ունեցող ուժեր, որոնք դիտավորյալ պառակտում են մեր ժողովրդին: Պետք է մաքրել այդ դաշտը և մեր առջև որքան մեծ խնդիրներ դնենք, այնքան ավելի միասնական կլինենք: Ամեն պարտությունից սկսվում է հաջորդ հաղթանակը: Մենք կարճ ժամանակում պետք է ոտքի կանգնենք ու գնանք առաջ»,- ասաց Վազգեն Մանուկյանը: