08 / Դեկտեմբեր / 2020 : 14-25

Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետագա գործունեության «ճանապարհային քարտեզը»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր:

Վարչապետը հիշեցրել է, որ հիմնադրամն այն հիմնական գործիքն է, որով պետք է ապահովվեն հայրենիքի պաշտպանության համար զոհված, հաշմանդամություն ստացած և անհետ ճանաչված մեր զինվորների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության հարցերը: «Մենք այսօր պիտի քննարկենք հիմնադրամի հետագա գործունեության «ճանապարհային քարտեզը» և հասկանանք, թե այստեղ ինչ անելիքներ ունի կառավարությունը, ինչ անելիքներ ունի Կենտրոնական բանկը և ինչպիսի հարցեր են, որոնք մենք պետք է առաջիկայում լուծենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը մանրամասն ներկայացրել է «ճանապարհային քարտեզով» նախատեսվող միջոցառումները, որոնք միտված են հիմնադրամ ներգրավվող միջոցների ընդլայնմանը, շահառուների առջև ստանձնված պարտավորությունների արդյունավետ կատարմանը, բարերարների հետ աշխատանքին, կազմակերպչական խնդիրների լուծմանն ու կարգավորմանը: Ներկայացված կետերի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, հնչեցվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է շահառուներին արագ և արդյունավետ սպասարկելու նպատակով հիմնադրամի ռեսուրսների ավելացման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացումը: Այս համատեքստում կառավարության ղեկավարը տվել է կոնկրետ հանձնարարականներ:

Դիտվել է 4962անգամ
Վերջին լուրեր