Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Դեկտեմբեր / 2020 : 12-24

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին (նստավայրը՝ ք. Թբիլիսի):

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերություններին, պատմական կապերի, մշակութային ու հոգևոր ժառանգության ընդհանրության վրա հիմնված համագործակցության խորացմանը:

Սուրբ Աթոռի պատվիրակը նշել է, որ Հայաստանում է որպես Նորին Սրբություն Հռոմի Պապի ներկայացուցիչ և երկրի բարեկամ: Նա Հանրապետության նախագահին իր ցավակցություններն է հայտնել պատերազմի ընթացքում կրած մարդկային կորուստների կապակցությամբ՝ նշելով, որ Ֆրանցիսկոս Պապը, որն առանձնահատուկ հարաբերություններ ունի Հայաստանի և հայերի հետ, պատերազմի առաջին իսկ օրերից կարևորել է խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը:

 

Հանդիպմանը նաև մտքեր են փոխանակվել պատերազմից հետո Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակի, մասնավորապես, հայ հոգևոր, պատմական և մշակութային ժառանգության պահպանության, մարդասիրական մի շարք խնդիրների շուրջ: Պատվիրակը Սուրբ Աթոռի անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ ժառանգության պահպանմանը:

Նախագահ Սարգսյանը և արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրն անդրադարձել են նաև ռազմագերիների և պատանդների վերադարձի հարցին: Հանրապետության նախագահը ողջունել է այդ ուղղությամբ գործադրվող ցանկացած ջանք և նշել, որ նամակով դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ խնդրի լուծմանը որպես միջնորդ աջակցելու համար, ինչպես նաև միջազգային գործընկերների առջև բազմիցս բարձրացրել է հումանիտար իրավունքի անվերապահ պահպանման, գերությունում գտնվող հայ զինվորների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի խնդիրը: Նա ընդգծել է, որ շարունակելու է այդ ուղղությամբ ջանքեր գործադրել և օգտագործել իր բոլոր հնարավորություները:

Դիտվել է 4843անգամ
Վերջին լուրեր