Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձինք աջակցող միջոցներ ստանալու համար կարող են դիմել Բուժատեխնիկական հանձնաժողով․ հայտարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են.
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է աջակցող միջոցների (վերին և ստորին վերջույթների պրոթեզներ, օրթեզներ, անվասայլակներ, հենակներ, քայլակներ, ձեռնափայտեր, աչքի պրոթեզներ, լսողական սարքեր և այլն) տրամադրումը դրանց կարիքն ու իրավունքն ունեցող անձանց:
Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձինք աջակցող միջոցներ ստանալու համար կարող են դիմել Բուժատեխնիկական հանձնաժողով (Ծարավ Աղբյուրի 55 ա, հեռախոս՝ 060 65-26-41):
Մասնագետներն անձի կարիքը կգնահատեն նրա գտնվելու վայրում (առողջապահական կազմակերպությունում, վերականգնողական կենտրոնում, տանը), ինչպես նաև՝ տեսակապի միջոցով:
Բուժատեխնիկական հանձնաժողովի եզրակացությունը և պետական հավաստագրի տրամադրումը կազմակերպվում է 3-ից 10 օրվա ընթացքում:
Վերին և ստորին վերջույթների պրոթեզավորումն իրականացվում է ամպուտացված ծայրատի լրիվ վերականգնումից հետո, ինչը կարևոր է շահառուի առողջության հետ կապված լրացուցիչ բարդություններից խուսափելու համար:
Աջակցող միջոցները տրամադրվում են նաև Արցախի Հանրապետության քաղաքացիներին: Նրանք նույնպես կարող են դիմել Բուժատեխնիկական հանձնաժողով՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը, իսկ լսողական սարք ստանալու դեպքում՝ նաև աուդիոգրամմա և տեղեկանք լսողական սարքի անհրաժեշտության մասին»: