Թուրքիայի ու Ադրբեջանի ամբիցիաները վերջնական բավարարված չեն․ Նալբանդյան
ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վերջնական չբավարարված ամբիցիաներ է տեսնում Բաքվի շքերթի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնչեցրած հայտարարություններում: Այս մասին Նալբանդյանն ասաց դեկտեմբերի 11-ին կազմակերպված Երևան-Մոսկվա առցանց քննարկման ընթացքում:
«Երեկ մենք լսեցինք ռազմատենչ հայտարարություններ, որոնք հնչեցին Ադրբեջանում անցկացված շքերթի ընթացքում: Դրանք հնչեցրեց Ադրբեջանի նախագահ Ալիևը, որը տարածքային նկրտումներ ներկայացրեց Հայաստանի նկատմամբ, ասաց, թե իբր Ադրբեջանի պատմական տարածքներ են Երևանը, Զանգեզուրը, Սևանը, իսկ Էրդողանը գնաց անհավանական քայլի՝ հայտարարելով, որ այս օրը փառավորում է այն մարդկանց հոգիներն, ինչպիսիք են Էնվեր ու Նուրի փաշաները, Կովկասի իսլամական բանակի զինվորները: Դրանք այն մարդիկ են, որոնք կազմակերպել են Հայոց ցեղասպանությունը, հայերի ջարդերը: Սրանք շատ հարցեր են առաջացնում: Կարծես` Թուրքիայի ու Ադրբեջանի ամբիցիաները վերջնական բավարարված չեն»,- ասաց Նալբանդյանը:
Բաքվի ռազմական շքերթի ընթացքում Ալիևը Երևանը, Սևանը և Զանգեզուրը «ադրբեջանական տարածքներ» էր անվանել, իսկ Էրդողանն ասել էր, թե այս օրը «Էնվեր փաշայի, Նուրի փաշայի և Կովկասի իսլամական բանակի զինվորների հոգու լուսավորման օրն է»: