Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Դեկտեմբեր / 2020 : 11-36

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը խնդրում է զգոն լինել գերությունից վերադարձած անձանց վերաբերյալ հրապարակումներ անելիս

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը լրատվամիջոցներին և քաղաքացիներին խնդրում է զգոնություն ցուցաբերել գերությունից վերադարձած անձանց վերաբերյալ հրապարակումներ անելիս, հաշվի առնել համացանցի առանձնահատկությունները և խուսափել նրանց անձնական տվյալների հրապարակումից:

«Ադրբեջանից գերեվարված մեր 44 տղաների վերադարձից մեկ ժամ անց արդեն համացանցում առկա է տեսանյութ, որում հնչում են նրանց անունները։ Գերեվարված մեր հայրենակիցների վերադարձի նկատմամբ հանրային մեծ սպասումը ակնհայտորեն հանգեցնելու է նրանց նկատմամբ հանրային ուշադրության մեծացման, ինչը զուգորդվում է եւ դեռ կարող է զուգորդվել նրանց անձնական տվյալների եւ անձնական կյանքի տվյալների հրապարակմամբ համացանցում ինչպես անհատ օգտատերերի, այնպես էլ լրատվամիջոցների կողմից։

Այս կապակցությամբ հարկ է հիշել, որ տեղեկությունը համացանցում մնում է հավերժ եւ հասանելի է անկախ տարածությունից, ուստի հետագայում այն կարող է միջամտել եւ բացասաբար անդրադառնալ գերությունից վերադարձած մեր հայրենակիցների ու նրանց հարազատների անձնական կյանքին, զրկել նրանց համացանցում մոռացված լինելու իրավունքից։

Հետեւաբար, եւ մեր հայրենակիցներին, եւ լրատվամիջոցներին խնդրում ենք զգոնություն ցուցաբերել գերությունից վերադարձած մեր հայրենակիցների վերաբերյալ հրապարակումներ անելիս, հաշվի առնել համացանցի առանձնահատկությունները եւ խուսափել գերությունից վերադարձած տղաների անձնական տվյալների, ներառյալ անձնական կյանքի տվյալների անհարկի (չհիմնավորված, ոչ պիտանի, ոչ անհրաժեշտ, ոչ չափավոր) հրապարակումից, նախապատվություն տալ գերությունից վերադարձած անձանց մասին տեղեկությունների ապանձնավորված հրապարակմանը։

* Պետք է նշել, որ որոշ հրապարակումներում գերությունից վերադարձած մեր հայրենակիցների դեմքերն ապանձնավորված են, ինչը բխում է նրանց անձնական տվյալների պաշտպանության եւ անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքներից եւ հնարավորություն կտա նրանց հետագայում չնույնականացվել համացանցում։

* Համանման հորդորով նոյեմբերի 23-ին Գործակալությունը խնդրել էր խուսափել գերեվարված զինվորների մասնակցությամբ տեսանյութերի (ադրբեջանական աղբյուրների) տարածումից»:

Դիտվել է 13735անգամ
Վերջին լուրեր