Երբ ասում եք՝ դեմարկացիան իրականացնում ենք խորհրդային սահմանները հաշվի առնելով, փաստացի խաչ եք քաշում «Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում» թեզի վրա․ իրավաբան
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, իրավաբան Լևոն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ասացի՝ էլ չեմ գրի սահմանների մասին, բայց էլ ներվ չկա։ Մի քանի բառ խորհրդային սահմանների հիման վրա դեմարկացիայի հեռահար վտանգների մասին։ Մի քիչ իրավական տերմիններով ծանրաբեռնված կլինի և երկար կստացվի, բայց կարծում եմ՝ բոլորն իրավունք ունեն իմանալ (դե ժողովրդավարություն և այլն)։
Հակիրճ բացատրեմ, թե ինչ է uti possidetis սկզբունքը։ Uti possidetis սկզբունքը (նախ որպես քաղաքական սկզբունք, իսկ այնուհետև՝ իրավական) առաջացել է Լատինական Ամերիկայում ապագաղութացման համատեքստում և այնուհետև կիրառվել է նաև Աֆրիկայում և բովանդակային առումով ենթադրում է գաղութային ժամանակաշրջանի վարչական սահմանների վերածում նոր առաջացող պետությունների միջազգային սահմանների։
Կարճ ասած՝ նոր կայացող պետությունները հայտարարում են, որ իրենք իրենց տարածքային հավակնությունները դնում են մի կողմ և կենտրոնանում են արտաքին վտանգի դեմ պայքարելու վրա, այսինքն՝ գաղութարարի դեմ։ Մեր թշնամին տարիներ շարունակ պնդել է, որ Արցախի հարցը պետք է լուծվի uti possidetis սկզբունքի հիման վրա, այն է՝ խորհրդային սահմանները պետք է վերածվեն նորաստեղծ պետությունների միջազգային սահմանների և փորձել բերել դրա մի շարք հիմնավորումներ։ Բայց այդ հիմնավորումները գրեթե ամբողջությամբ պրակտիկ միջազգային իրավունքից կտրված են (բայց դե մենք իհարկե երբեք չենք պատասխանել Ադրբեջանի պնդումներին, սկսած 2008թ-ից մինչ օրս)։
Հիմա այն մասին, թե ինչու է այդ դիրքորոշումը պրակտիկ միջազգային իրավունքից կտրված։ Առաջին՝ ապագաղութացման գործընթացը որևէ կապ չունի ֆեդերալ կամ ունիտար պետությունների տրոհման գործընթացի հետ, ուստի ԽՍՀՄ փլուզումը որևէ կապ չունի ապագաղութացման գործընթացի հետ (պետությունների պրակտիկան մի միջպետական հարաբերությունների համատեքստում չի ձևավորում պարտադիր վարքագծի կանոններ այլ հարաբերությունների համար)։
Երկրորդ՝ անգամ ապագաղութացման համատեքստում սկզբունքը չի կիրառվել, երբ գաղութային ժամանակահատվածին նախորդել է պետականություն (օրինակները շատ են՝ Եթովպիա-Էրիթրեա, Հնդկաստան-Պակիստան-Բանգլադեշ, Ռուանդա-Բուրունդի և այլն)։
Երրորդ՝ չնայած Ադրբեջանի պնդումներին՝ ԱՊՀ պետություններն իրականում ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերով չեն ընդունել խորհրդային սահմանների շարունակականությունը։ ԱՊՀ հիմնադիր փաստաթուղթը և Ալմա-Աթայի հռչակագիրը խոսում են տարածքային ամբողջականության և տարածքների անքակտելիության մասին, որոնք բոլորովին այլ երևույթ են։ Uti possidetis սկզբունքը որոշում է, թե ումն է տիտղոսը տարածքի նկատմամբ, իսկ տարածքային ամբողջականությունը՝ պաշտպանում այդ տարածքը, երբ արդեն տիտղոսը որոշված է։
Հիմա ասածս ինչ է․ երբ ասում եք՝ դեմարկացիան իրականացնում ենք խորհրդային սահմանները հաշվի առնելով, փաստացի խաչ եք քաշում «Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում» թեզի վրա, իսկ թշնամուն սկուտեղի վրա նվիրում եք, այն ինչ ինքը ուզել է տարիներ շարունակ՝ կողմերի համաձայնությունը խորհրդային սահմանների շարունակականության վերաբերյալ։
Մի հատ խորը շունչ քաշեք, հասկացեք պահի պատմական պատասխանատվությունը և հայտարարեք, որ չեք ընդունում խորհրդային սահմանների շարունակականությունը։ Եթե վախենում եք, գոնե մի զրկեք գալիք սերունդներին հույսից, ասեք որ պարզապես ֆիզիկապես չեք կարող հիմա դրանց համար պայքարել, բայց միևնույն է՝ չեք ընդունում։
Եթե հույս ունեք, թե պատմաբանները չեն գիտակցելու և ճիշտ գնահատականներ չեն տալու այսօր արվող հայտարարություններին, անձամբ խոստանում եմ բոլորին հուշել և բացատրել, որ ճիշտ գնահատական տան»։