19 / Դեկտեմբեր / 2020 : 10-37

Մենք անվտանգության նոր երաշխիք ենք ստեղծում Սյունիքի համար․ Սյունիքի մարզի տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվել՝ ինչպես ՀՀ ողջ տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվել․ Փաշինյան

Այս օրերին Սյունիքի հատվածում սահմանների ճշգրտում է տեղի ունենում, ավելի ճիշտ ՀՀ ԶՈՒ-ն, սահմանապահ ուժերը տեղակայվում են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններին։

Այս մասին իր ուղերձում այսօր՝ դեկտեմբերի 19-ին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա իհարկե որոշակի փոփոխություններ է բերում մեղ ծանոթ միջավայրում, ստեղծում որոշակի բարդություններ և անհարմարություններ։  Առավել ևս՝ ստեղծում է էմոցիաներ ու նույնիսկ գնահատականներ են հնչում, թե տեղի ունեցողը Սյունիքի հանձնում է կամ սպառնում է Սյունիքի կորստով։ Իրականությունը, սակայն, ուղիղ հակառակն է, այս ամենն արվում է Սյունիքի անվտանգությունը երաշխավորելու, երաշխիքներն ամրապնդելու համար։

Ինչպես․ խնդիրն այն է, որ ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս գտնվող հատվածներում վերջին օրերին ռազմական գործողությունների վերսկսման հավանականություն կար, մեծ հավանականություն և եթե այդ էսկալացիան տեղի ունենար նշված հատվածում՝ ալիքով կարող էր տեղափոխվել Սյունիքի մարզ, Հայաստանի Հանրապետության տարած՝ սրանից բխող հետևանքներով։

Իսկ այսօր՝ տեղակայվելով մեր՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններին, մենք անվտանգության նոր երաշխիք ենք ստեղծում Սյունիքի համար, որովհետև այսօրվա սահմանն արդեն անվտանգային այն համակարգի սահմանն է, որի անդամ ենք մենք և որտեղ արդեն անվտանգային բոլորիովին այլ կանոններ են գործում։

Այսօր արդեն ՌԴ սահմանապահ զորքերն ու այլ ուժեր լիարժեք ներգրավված են Սյունիքում և սա անվտանգային առումով բոլորովին նոր իրավիճակ է։ Իհարկե այս ամենի առումով կարող են ծագել տրանսպորտային լոգիստիկ բարդություններ, մեր որոշ ճանապարհների անխափան գործունեությունը կարող է դժվարանալ, բայց դրանք լուծելի հարցեր են և մենք դրանց ուղղությամբ ջանքեր ենք գործադրում, այդ թվում՝ եռակողմ փաստաթուղթ ունենալու միջոցով։ Նաև պատրաստվում եմ մեկնել Սյունիքի մարզ, տեղում ծանոթանալ իրավիճակոին ու փարատել սյունեցիների բոլոր մտավախությունները և համոզվեծ եմ կկարողանամ դա անել, առավել ևս խորհրդապահական ֆորմատով քննարկումների ժամանակ։

Հիմա, սակայն, ուզում եմ կրկնել։ Սյունիքի մարզի տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվել՝ ինչպես ՀՀ ողջ տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվել։ Սրանում կարող եք համոզված լինել և հակառակի մասին որևէ պնդում իրականությանը չի համապատասխանում պարզապես»,-ասաց Փաշինյանը։

Դիտվել է 23111անգամ
Վերջին լուրեր