Այսօր՝ ժամը 13.00-ին, հանդիպում ենք Հանրապետության Հրապարակում՝ իրագործելու մեր խոնարհումի երթը դեպի Եռաբլուր․ Նիկոլ Փաշինյան
«Կառուցենք Հայաստանը նորովի»,- այս մասին իր ուղերձում այսօր՝ դեկտեմբերի 19-ին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կառուցենք Հայաստանը նորովի». այս կարգախոսը ընտրել էի դեռ պատերազմից առաջ՝ Հայաստանի վերափոխման ռազմավարությունը ուղենշելու համար: Եւ այս բանաձեւը օգտակար է մեր այսօրվա իրավիճակից ապագային նայելու համար նույնպես:
Մենք պետք է ընկալենք աշխարհը նորովի, մենք պետք է դիտարկենք մեր անելիքն ու դերակատարումը նորովի, մենք պետք է մեր հնարավորությունները գնահատենք նորովի, ընդ որում՝ առաջին հերթին կրթության, գիտության, տեխնոլոգիական զարգացման ոլորտում, մենք պետք է կառուցենք մեր երազանքը նորովի, ու մենք պետք է երազենք նորովի: Ու մեր երազանքները պետք է ժպիտ բերեն հանուն հայրենիքի նահատակված մեր եղբայրների հոգիներին, նրանց զավակներին, նրանց հայրենիքին: Եւ այդ երազանքների իրագործումը պիտի բերի այդ ժպիտը։
Փա՛ռք մեր ընկած հերոսներին, փա՛ռք մեր ապրող հերոսներին, ու փա՛ռք նրանց, ովքեր դեռ կհերոսանան մեր ժողովրդի երազանքները իրագործելու, մեր ժողովրդին ստեղծարար հաղթանակներ պարգեւելու ճանապարհին:
Այսօր՝ ժամը 13.00-ին, հանդիպում ենք Հանրապետության Հրապարակում՝ իրագործելու մեր խոնարհումի երթը դեպի Եռաբլուր: Եւ դա լինելու է նաև ապրելու երթ և ի ցույց է դնելու, որ մենք այստեղ ենք, որ մենք ապրելու ենք, ու մենք ապրեցնելու ենք»։