Եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի ներկայացրած ևս մեկ դիմում ռազմագերիների և առևանգված քաղաքացիական անձանց վերաբերյալ
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին Եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի ներկայացրած ևս մեկ դիմում ռազմագերիների և առևանգված քաղաքացիական անձանց վերաբերյալ՝ կիրառելով միջանկյալ միջոց և պահանջելով Ադրբեջանից ներկայացնել տեղեկություն սահմանված ժամկետում։
«Միաժամանակ, հաշվի առնելով ադրբեջանական իշխանությունների բացահայտ արհամարհական վերաբերմունքը իրավական գործընթացների և հատկապես Եվրոպական դատարանի որոշումների նկատմամբ, ինչպես նաև Դատարանի որոշումներում սահմանված ժամկետների բազմակի խախտումները և Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները՝ Հայաստանը հունվարի 3-ին և 5-ին դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով ադրբեջանական խախտումների վերաբերյալ հարցը ներկայացնել ԵԽ Նախարարների կոմիտե՝ Դատարանի կանոնների 39 § 2 դրույթի հիման վրա։
Հաշվի առնելով ռազմագերիների և առևանգված անձանց վերաբերյալ գործընթացների կարևորությունը և հարցի զգայուն լինելը ևս մեկ անգամ հորդորում ենք զերծ մնալ սոցիալական ցանցերով նշված անձանց անունները և/կամ այլ անհատականացնող տվյալները հրապարակելուց»։