15 / Հունվար / 2021 : 15-16

Ինքնակամ կառույցի օրինականացման համար քաղաքացիները կարող են դիմել մինչև 2021 թվականի հունվարի 31-ը

Կադաստրի կոմիտեից հայտնում են․

«Հարգելի հայրենակիցներ,

տեղեկացնում ենք, որ Կադաստրի կոմիտեի նախաձեռնությամբ մշակվել է օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթ, որն առաջին ընթերցման ընթացքում պատգամավորների կողմից ներկայացված առաջարկների հիման վրա լրամշակվել է և արդեն սույն թվականի հունվարի 18-ին 2-րդ ընթերցմամբ կքննարկվի Ազգային Ժողովի լիագումար նիստում։

Նախագծերի փաթեթի ընդունումը կընձեռնի հետևյալ հնարավորությունները․

• Եթե սեփականության իրավունքով ունեք օրենքի ուժով անհատույց փոխանցված հողամաս, որի օտարման դեպքում առկա է կադաստրային արժեքի վճարման պայման, ապա մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը համապատասխան համայնքային բյուջե կարող եք վճարել նախկին կադաստրային արժեքներով հաշվարկված գումար և հետագայում ազատվել օտարման պահին գործող ավելի բարձր կադաստրային արժեք վճարելուց։

• Եթե ինքնակամ կառույցի օրինականացման համար համայնքի ղեկավարին կդիմեք մինչև 2021 թվականի հունվարի 31-ը և այդ դիմումի հիման վրա համայնքի ղեկավարը կընդունի բարենպաստ վարչական ակտ, ապա ինքնակամ կառույցները և դրանց համար սահմանված կարգով առանձնացված հողամասերը Ձեզ կօտարվեն մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գործող վաճառքի գներով (նախկին գործակիցներով և կադաստրային արժեքներով)։

 

• Եթե պետական կամ համայնքային հողամասերի ուղղակի վաճառքի համար դիմել եք մինչև 2020 թվականի դեկտեմբերի 15-ը, կամ համայնքի ղեկավարի կամ Կառավարության որոշումը ընդունվել է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, ապա այդ հողամասերը կօտարվեն Ձեզ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գործող կադաստրային արժեքներով։

• Եթե հողամասի նպատակային նշանակությունը սահմանված կարգով փոփոխելու նպատակով մինչև 2020 թվականի դեկտեմբերի 15-ը դիմել եք համայնքի ղեկավարին և այդ դիմումի հիման վրա համայնքի ղեկավարի կողմից ընդունվել է բարենպաստ վարչական ակտ, և եթե փոփոխման արդյունքում առաջանում է հողամասի կադաստրային արժեքների տարբերության վճարման պահանջ, ապա հողամասի կադաստրային արժեքների տարբերության հաշվարկը կկատարվի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գործող կադաստրային արժեքներով»,-նշվում է հայտարարության մեջ:

Դիտվել է 27246անգամ
Վերջին լուրեր