Վեթինգ լինելու է․ Արդարադատության նախարարություն
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել պաշտոնատար անձանց բարեվարքության ստուգման վերաբերյալ։ Արդարադատության նախարարությունը թեմայի վերաբերյալ մանրամասներ ներկայացրել է հարց ու պատասխանի տեսքով, որը ներկայացնում ենք ստորև․
-Կառավարությունը հայտարարել էր վեթինգ իրականացնելու մասին: Ի՞նչ քայլեր են կատարվել այս ուղղությամբ և ո՞ր մարմինն է իրականացնելու այդ գործառույթը։
-Հանրության շրջանում լայն տարածում ստացած «վեթինգ» հասկացությունը Սահմանադրությանը համահունչ արտացոլված է Ազգային ժողովի կողմից ընդունված և ՀՀ նախագահի ստորագրմանը սպասող «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթում։
Որոշակի պաշտոններ զբաղեցնելուն հավակնող թեկնածուների դեպքում դա նկարագրված է բարեվարքության ստուգման, իսկ արդեն իսկ գործող որոշ պաշտոնատար անձանց, այդ թվում՝ դատավորների դեպքում՝ հայտարարագրերի վերլուծության, կամ այլ խոսքով՝ գույքային դրության ստուգման մեխանիզմում։
Բարեվարքության և գույքային դրության ստուգման լիազորությամբ օժտված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ)։ Հանձնաժողովն օրենքով սահմանված դեպքերում ու կարգով Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների, Հանրային ծառայության օրենքով նախատեսված կարգով նշանակման ենթակա անձանց, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում իրականացնում է բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություններ և դրանց արդյունքներով ներկայացնում է խորհրդատվական եզրակացություններ։ Թեև Հանձնաժողովի եզրակացությունն ունի խորհրդատվական բնույթ, այն կարող է հիմք հանդիսանալ թեկնածուների՝ տվյալ պաշտոնում չնշանակվելու համար։
-Արդյո՞ք բարեվարքության ստուգումը վերաբերում է միայն դատավորների թեկնածուներին և գործող դատավորներին այն չի առնչվելու:
-Ինչ վերաբերում է գործող դատավորներին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներին և Սահմանադրական դատարանի դատավորներին, ապա օրենսդրական փաթեթով սահմանվել է Հանձնաժողովի լիազորությունը, համաձայն որի՝ Հանձնաժողովը ստուգելու է վերջիններիս հայտարարագրերը, ընդ որում՝ խոսքը այս տարիների ընթացքում ներկայացված բոլոր հայտարարագրերի մասին է:
Այսինքն՝ Հանձնաժողովը ստուգելու է նշված սուբյեկտային կազմի գույքային դրությունը՝ հայտարարագրերի մանրամասն վերլուծության և տվյալների համադրման միջոցով։ Նշենք, որ օրենսդրական փաթեթով նախատեսված ընդլայնված գործիքակազմը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարող է կիրառել 2017 թվականի հուլիսի մեկից հետո ներկայացված հայտարարագրերի վերլուծության ընթացքում, իսկ մինչ այդ ներկայացված հայտարարագրերը կարող է վերլուծության ենթարկել ներկայում գործող իրավակարգավորումներին համապատասխան։ Հայտարարագրերի վերլուծության արդյունքում խախտումների հայտնաբերման դեպքում Հանձնաժողովը պետք է ձեռնարկի համապատասխան միջոցներ, որոնց թվում է նաև իրավապահ մարմիններին հնարավոր քրեական իրավախախտման վերաբերյալ հայտնելը։ Վերջին գործողությունը համապատասխան պայմանների, այսինքն՝ հնարավոր քրեական իրավախախտման վերաբերյալ կասկածի առկայության դեպքում պետք է կատարվի ցանկացած ժամանակահատվածում ներկայացված հայտարարագրի վերլուծության դեպքում՝ անկախ նրանից, թե որ տարեթվի հայտարարագիր է վերլուծության ենթարկվում:
Հատկանշական է, որ ՀՀ նախագահի ստորագրմանը սպասող օրենսդրական փաթեթի կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո, ի տարբերության այլ պաշտոն զբաղեցնող անձանց՝ նշյալ խումբ պաշտոնատար անձանց համար հայտարարագրման դրույթների էական խախտումը կարող է հանգեցնել նաև կարգապահական պատասխանատվության և հիմք հանդիսանալ վերջիններիս լիազորությունների դադարեցման համար։
Նշենք նաև, որ կատարելագործվել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը: Այսպես, կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեցող մարմինների թվին ավելացել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերում խնդիրներ հայտնաբերելու դեպքում: Ավելին, միայն դատավորներից բաղկացած Կարգապահական հանձնաժողովը նախատեսվում է փոխարինել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովով, որի կազմում, բացի դատավորներից, կընդգրկվեն նաև հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված, բարձր մասնագիտական որակներով օժտված իրավաբանների:
Մանրամասն կարգավորում է ստացել նաև դատավորների գործունեության գնահատումը: Դատավորների գործունեության գնահատման իրավասությունը ԲԴԽ-ի փոխարեն տրվել է հատուկ այդ գործառույթի իրականացման համար ձևավորվող դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովին, որը բաղկացած կլինի դատավորներից և իրավաբան-գիտնականներից: Եթե հանձնաժողովը դատավորների գործունեության գնահատման արդյունքում հայտնաբերի կարգապահական խախտում, ապա կարող է դիմել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին` դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու համար:
-Ինչպե՞ս է իրականացվելու թեկնածուների բարեվարքության ստուգումը։
-Թեկնածուների դեպքում գործելու է հետևյալ մեխանիզմը. անձինք այլ փաստաթղթերի հետ իրավասու մարմին են ներկայացնելու նաև ԿԿՀ-ի սահմանած ձևափաչափով լրացված բարեվարքության հարցաթերթիկը, որը ներառելու է տվյալներ անձի գույքային դրության, կրթության, աշխատանքային գործունեության, նախկինում քրեական, վարչական, կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու, քրեական ենթամշակույթին հարելու վերաբերյալ, իսկ Հանձնաժողովն էլ տվյալների բազաների հետ համադրելու, իրավասու մարմիններին հարցումներ կատարելու, անձի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում, ինչպես նաև սոցիալական ցանցերում հրապարակված տեղեկությունների ուսումնասիրության միջոցով կազմելու և նշանակման իրավասություն ունեցող անձին ներկայացնելու է խորհրդատվական եզրակացություն։
Ինչ վերաբերում է արդեն իսկ պաշտոնավարող անձանց, ապա ինչպես նշեցինք, Հանձնաժողովը, քննարկվող օրենսդրական փաթեթն ուժի մեջ մտնելուց հետո օրենքով սահմանված ժամկետներում պետք է ստուգի ՍԴ դատավորների, ԲԴԽ անդամների և բոլոր դատավորների մինչև ստուգման պահը ներկայացված բոլոր հայտարարագրերը: Այսինքն՝ պաշտոնատար անձանց այս խմբի գույքային դրության համապարփակ ստուգումը պետք է կատարվի միայն նրա համար, որ վերջիններս զբաղեցնում են համապատասխան պաշտոնները, այսինքն՝ ընտրված մեխանիզմը ոչ այլ ինչ է քան վեթինգ՝ անձանց գույքային դրությունը ստուգելու նպատակով: Հատկանշական է այն հանգամանքը, որ եթե թեկնածուների բարեվարքության ստուգման արդյունքում Հանձնաժողովը կայացնելու է խորհրդատվական եզրակացություն և ներկայացնելու է թեկնածուին պաշտոնին նշանակման լիազորություն ունեցող մարմնին, ապա այս՝ գույքային դրության նման թիրախավորված և համակարգային ստուգման արդյունքում հանձնաժողովը հայտնաբերած իրավախախտումները պետք է փոխանցի քրեական հետապնդման մարմիններին, իսկ եթե առկա են վարչական իրավախախտման հատկանիշներ՝ օրենքով սահմանված ժամկետներում դրանց հայտնաբերման դեպքում հարուցի նաև վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ։ Այսինքն, այս դեպքում մեծանում է խախտումների հայտնաբերման հնարավորությունը, իսկ հետևանքի տեսանկյունից նման խախտումների հայտնաբերումը կարող է ընդհուպ հանգեցնել քրեական պատասխանատվության:
Եվս մեկ անգամ հարկ է ընդգծել, որ օրենսդրական փաթեթով նախատեսվել են կարգապահական վարույթ հարուցելու նոր հիմքեր՝ կապված հայտարարագրերի պահանջների խախտման հետ, որոնց հիման վրա օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կարող են հարուցվել կարգապահական վարույթներ։ Ապագայում տվյալ գործիքը հանդիսանալու է վեթինգի կարևոր բաղադրատարր՝ ուղղված խախտումների դեպքում գործող դատավորների լիազորությունների դադարեցման հնարավորության ստեղծմանը։
-Իր լիազորություններն իրականացնելու համար ի՞նչ գործիքակազմով է օժտված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։
-Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գործող օրենքով իր լիազորությունների պատշաճ իրականացման, այդ թվում՝ հայտարարագրերի վերլուծության նպատակով իրավասու է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, Կենտրոնական դեպոզիտարիայից և արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանցից, վարկային բյուրոներից պահանջելու և ստանալու հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր՝ բացառությամբ «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:
Ինչ վերաբերում է ԱԺ կողմից ընդունված օրենսդրական փաթեթին, ապա դրանում նախատեսված կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո հայտարարագրերի վերլուծության գործընթացում հանձնաժողովն իրավասություն է ունենալու նաև ՀՀ կենտրոնական բանկին ուղղված հարցման միջոցով պահանջելու և ստանալու բանկային, ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ, վարկային տեղեկություններ և այլն։ Ընդ որում, Հանձնաժողովը հնարավորություն է ունենալու նաև իրացնել վերը նշված լիազորությունն արդեն իսկ օրենսդրորեն սահմանված հստակ ընթացակարգ ունեցող բարեվարքության ստուգման ընթացքում։ Հանձնաժողովի ոչ պակաս կարևոր գործառույթը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, մասնավորապես՝ պաշտոնատար անձանց և վերջիններիս ընտանիքի անդամների ապօրինի հարստացման դեպքերի բացահայտումն է։ Այս առումով, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ որպես Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավահաջորդ, իրավասու է վերլուծել ցանկացած հայտարարագիր, իսկ 2017 թվականի հուլիսից (հայտարարագրման նորմերի խախտման համար պատասխանատվություն սահմանող և ապօրինի հարստացումը քրեականացնող հոդվածներն ուժի մեջ են մտել 2017 թվականի հուլիսի 1-ից) հետո ներկայացված հայտարագրերը՝ օրենսդրական փաթեթով սահմանվող գործիքակազմով։
Այս առումով նշենք, որ 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ներկայացված ցանկացած հայտարարագրի վերլուծության արդյունքում, եթե Հանձնաժողովը հանգի այն հետևության, որ կատարված արարքում առկա են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների առերևույթ հատկանիշներ, անհապաղ գործի նյութերը պետք է ներկայացնի Գլխավոր դատախազություն։ Գործի հետագա ընթացքը, ապացուցման հարցերն իրավապահ մարմինների դաշտում են, բայց հիմնական ազդակը պետք է գնա Հանձնաժողովից։
Ինչպես արդեն նշվեց, Հանձնաժողովն իրավասու է վերլուծել նաև նախկինում` 2017 թվականի հուլիսի 1-ից առաջ, ներկայացված հայտարարագրերն այն տարբերությամբ, որ դրանց վերլուծության ընթացքում կիրառելի չեն լինի վերլուծության՝ օրենսդրական փաթեթով նախատեսվող լրացուցիչ գործիքները, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ուժի մեջ հոդվածները, ինչը սակայն չի բացառում ներկայում գործող կարգավորումներին համահունչ հայտարարագրերի վերլուծության ընթացքում քրեաիրավական բնույթի այլ խախտումների վերաբերյալ կասկածներ ունենալու, ինչպես նաև 2017 թվականից հետո ներկայացված հայտարարագրի հետ ակնհայտ անհամապատասխանության հնարավորությունը, որպիսի պայմաններում Հանձնաժողովը, ինչպես ցանկացած պետական մարմին, պետք է դիմի իրավապահ մարմիններին։
Վերջում անհրաժեշտ է հիշատակել ևս մեկ կարևոր գործիքի մասին, որը Հանձնաժողովին տրամադրվել է վերոնշյալ փաթեթով։ Մասնավորապես, եթե հայտարարագրերի վերլուծության արդյունքում մնում են կասկածներ, որ հայտարարատու պաշտոնատար անձի կամ իր ընտանիքի կազմի մեջ մտնող անձի գույքի էական փոփոխությունը ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, կամ վերջիններիս մոտ առկա է չհայտարարագրված կամ ոչ ամբողջական հայտարարագրված գույք, կամ եկամտի աղբյուրն օրինական կամ արժանահավատ չէ, ապա Հանձնաժողովն իրավասու է հայտարարատուի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձից, հայտարարագրված կամ հայտարարագրման ենթակա գործարքի կողմ հանդիսացող յուրաքանչյուր անձից կամ այն անձից, ում սեփականության իրավունքով կարող է պատկանել հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող կամ օգտագործվող անշարժ գույքը, տրանսպորտային միջոցը կամ «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով թանկարժեք գույքը, պահանջել ներկայացնել գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր։ Այս ինստիտուտը կոչված է վերացնելու նախկինում երրորդ անձանց անունով գույքը գրանցելու արատավոր երևույթը և գործնականում բարձրացնելու հայտարարագրերի ստուգման համակարգի արդյունավետությունը։