Ղարաբաղյան հակամարտությունը մտել է նոր փուլ․ ԱԳ նախարար
Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները իրարամերժ են։
Նա ընդգծեց, որ Ադրբեջանի ղեկավարը մի կողմից նշում է, որ հակամարտությունը լուծված է, մյուս կողմից նախաձեռնում է հակամարտությունը բորբոքող, սադրիչ հայտարարություններ:
«Դա վկայում է, որ, հավանաբար, հակամարտությունը մտել է նոր փուլ, որտեղ անհրաժեշտ է հայկական կողմերի միասնական օրակարագ ձևավորել»,- նշեց նախարարը: Այդ առումով նա կարևորեց իր այցն Արցախ:
«Հայկական կողմը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատով սկսել բանակցությունները և դրանք վարել այն հիմնարար սկզբունքների շուրջ, որոնց վերաբերյալ նախկինում ձեռք են բերվել պայմանավորվածություններ։
Մեզ համար առաջնային հարց է դեօկուպացիան, ինչպես նաև միջազգային կառույցների կողմից օգնության անխափան տրամադրումը և պատմական հուշարձանների պահպանումը»,-նշել է Այվազյանը։