31 / Հունվար / 2021 : 12-32

Դիլիջանի ոլորաններում առկա է մերկասառույց․ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհը (բուք է), Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ոլորաններին, Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղում, Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան, Շիրակի մարզի Մանթաշ-Ալագյազ, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, Վայք, Ջերմուկ քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Շիրակի մարզում (բացառությամբ Արթիկ և Մարալիկ քաղաքների), Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին քաղաքներում, Արագածի տարածաշրջանում, Կոտայքի մարզի Աբովյան և Եղվարդ քաղաքներում տեղում է ձյուն։

 

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 470 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
 

Դիտվել է 8572անգամ
Վերջին լուրեր