Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Փետրվար / 2021 : 15-32

 Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզ (տեսանյութ, լուսանկարներ)

Վարչապետի գլխավորությամբ Արարատի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են 2020-ի արդյունքներն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզ՝ ընթացիկ և առաջիկա ծրագրերը քննարկելու նպատակով: Մարզպետարանում կայացած խորհրդակցությանը մասնակցել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, փոխմարզպետները, Դատախազության, Քննաչական կոմիտեի, Ոստիկանության, մարզային վարչությունների, Զինված ուժերի համապատասխան ստորաբաժանման ղեկավարները և պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետը նշել է, որ նման աշխատանքային հանդիպումներ ու քննարկումներ կլինեն բոլոր նախարարություններում, գերատեսչություններում և մարզպետարաններում՝ աշխատանքն ամփոփելու և առաջիկա անելիքները գնահատելու համար: «Իհարկե, Արարատի մարզն առաջին հերթին գյուղատնտեսական գործունեության միջավայր է, և մենք առաջիկայում պետք է նաև գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքներ իրականացնենք, այսօր նաև այդ թեման կքննարկենք: Իհարկե, նաև բիզնես միջավայրի զարգացման հետ կապված խնդիրներն են մեր օրակարգում, սոցիալ-տնտեսական, իրավակարգի և անվտանգության ապահովման հարցերը, և մենք այս բոլոր հարցերով կունենանք քննարկում, կտանք համապատասխան հանձնարարակններ և կամփոփենք այս պահին եղած արդյունքները: Նաև կգնահատենք, թե ինչ առաջանային մարտահրավերներ և խնդիրներ ունենք, որոնցով պետք է զբաղվել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Արարատի մարզպետը և փոխմարզպետերն անդրադարաձել են նախորդ տարվա ընթացքում մարզում արձանագրված արդյունքներին՝ նշելով, որ պայմանավորված կորոնավիրուսային պանդեմիայով ու պատերազմով գյուղմթերքների արտադրության ծավալները փոքր նվազում են արձանագրել, սակայն օրինակ՝ խաղողի ու բանջարեղենային կուլտուրաների արտադրությունն աճել է: Նշվել է, որ մարզում գյուղնշանակության հողատարածքների թիվը կազմում է 156 հազար հեկտար,որոնց թվում են նաև արոտավայրերը: Մշակվող հողատարածքների թիվը հասնում է 42 հազարի:

 

Այս համատատեքստում, վարչապետը կարևորել է մշակվող հողատարածքների ավելացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը՝ նշելով, որ կառավարությունը տարբեր միջոցառումներով, սուբսիդավորվող ծրագրերով շարունակելու է գյուղոլորտի խրախուսմանն ուղղված քայլերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ժամանակակից այգիների, ջերմոցային տնտեսությունների, ֆերմաների հիմնման համար իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը և պատասխանատուներին հանձնարարել մոնիթորինգի միջոցով գնահատել խնդիրներն ու առաջարկել դրանց լուծման տարբերակներ: Կառավարության ղեկավարը նշել է, որ պետությունը շարունակելու է նաև ներդրումային ծրագրերի իրականացման համար առավել բարենպաստ պայմանների ապահովման քայլերը, ըստ անհրաժեշտության իրականացնելով կոնկրետ օրենսդրական, իսկ ծրագրերում՝ բովանդակային փոփոխություններ:

Տեղեկացվել է, որ 2020 թվականին մարզում իրականացվել է 2,5 մլրդ դրամի 73 սուբվենցիոն ծրագիր, որից կառավարության համաֆինանսավորումը կազմել է 1,3 մլրդ դրամ: Բոլոր ծրագրերի արդյունավետությունն ապահովելու նպատակով իրականացվել է հետևողական վերահսկողություն: 2021-ի առաջին ամսվա ընթացքում Արարատի մարզից արդեն իսկ ստացվել է 5 սուբվենցիոն ծրագրի հայտ:

 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստությանը, շինարարության, կրթության և այլ ոլորտներում առկա խնդիրներին ու լուծման հնարավորություններին վերաբերող հարցեր:

ԶՈՒ ներկայացուցիչը զեկուցել է, որ Արարատի մարզի սահմանային օպերատիվ իրավիճակը հանգիստ է և գտնվում է հայկական ուժերի լիարժեք վերահսկողության ներքո: Զեկույցներով հանդես են եկել նաև Դատախազության, Քննչական կոմիտեի և Ոստիկանության մարզային վարչությունների ղեկավարները՝ ներկայացնելով իրավակարգի ապահովմանն ուղղված աշխատանքների ընթացքը

Խորհրդակցությունից հետո վարչապետ Փաշինյանը շրջել է Արտաշատում, զրուցել քաղաքացիների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին ու պատասխանել տարբեր հարցերի:

Դիտվել է 24156անգամ
Վերջին լուրեր