Թմրանյութի 32+5 փաթեթ. Երիտասարդը հայտնել է, թե այդ ամենը ձեռք է բերել «Տելեգրամ» կայքի միջոցով․ կան կալանավորվածներ
Վաղարշապատի ոստիկաններն օպերատիվ տվյալներ էին ձեռք բերել թրամիջոցներ պահելու և իրացնելու վերաբերյալ, որոնք իրացվեցին հունվարի 29-ին՝ առավոտյան ժամը վեցին մոտ:
Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Մայրաքաղաքային փողոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման ենթարկվեց երկու երիտասարդ` «Ֆոկլսվագեն» մակնիշի մեքենայով հանդերձ:
Երկուսն էլ հաշվառված են Երևանում: Մեքենայի տիրոջ` 22-ամյա երիտասարդի պայուսակից խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածներով 32 փաթեթ` ընդհանուր քաշը մոտ 72 գրամ: Երիտասարդը հայտնել է, թե այդ ամենը ձեռք է բերել «Տելեգրամ» կայքի միջոցով: Նման մի փաթեթ էլ հայտնաբերվել է նրա 26-ամյա ընկերոջ անձնական խուզարկությամբ: Նա էլ որպես ձեռքբերման աղբյուր տվել է նույն կայքի անունը:
Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք ու կնքվել: Հաջորդ օրը, դատարանի որոշմամբ, խուզարկվել է նաև մեքենան: Հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող փոշենման, սպիտակ զանգվածով հինգ փաթեթ` ընդհանուր մոտ ութ գրամ: Նշանակվել են փորձաքննություններ:
Հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի` իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հատկանիշներով:
Երկուսն էլ կալանավորվել են, նախաքննությունը շարունակվում է: