10 / Փետրվար / 2021 : 16-39

Հարսի շորի ծալքերի մեջ թմրանյութ են հայտնաբերել

Մաքսանենգության բացահայտման դեպքերը 2020-ին ավելացել են։ Տեղեկությունն ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ, մաքսային ծառայության գնդապետ Վարդան Վարդանյանը։ 
«Անցյալ տարի բացահայտվել է մաքսանենգության 426 դեպք, ինչը 2,4 անգամ ավելի շատ է, քան 2018-ին և 2,1 անգամ շատ, քան 2019-ին։ Բացահայտելիության ցուցանիշը վերջին 10 տարվա ընթացքում ամենաբարձրն էր»,-ասաց նա։ 
Կորոնավիրուսի տարածման և Իրանի հետ ցամաքային սահմանի փակման հետևանքով ավելացել են փոստային առաքանու միջոցով մաքսանենգության դեպքերը։ 

Վարդանյանի խոսքով` ընդհանուր առմամբ, 2020-ին մաքսային ծառայողներն առգրավել են 6,1 կիլոգրամ մետամֆետամին, 5,2 կգ ափիոն, 3,1 կգ մարիխուանա, 2,9 կգ կետամին, 1,6 կգ հերոին, ԼՍԴ թմրանյութով 1 300 բլոտեր, շուրջ 600 հաբ MDMA (էքստազի), ինչպես նաև 83 էլեկտրոնային սիգարետ` հաշիշային յուղով։

«Թմրանյութերի մի քանի խոշոր խմբաքանակ նախատեսված էր Իրանից Հայաստանի միջոցով երրորդ երկրներ տեղափոխելու համար։ Այսպես, հունվարին ՊԵԿ–ը կանխել է դեպի Ավստրալիա ափիոնի արտահանման երկու փորձ։

Մեկ այլ դեպքում, 5,2 կգ մետամֆետամին ցանկանում էին ինքնաթիռով ուղարկել Ճապոնիա` թաքցնելով այն հարսի շորի ծալքերի մեջ (օգտվելով նրանից, որ այդ թմրանյութի բյուրեղները ևս սպիտակ են)»,-տեղեկացրեց պաշտոնյան։

Մեկ այլ դեպքում ձերբակալվել է իրանցի ամուսնական զույգ, որոնք պատրաստվում էին թմրանյութեր տեղափոխել Մալազիա։ Նրանք գործում էին համանման կերպով. կինը թաքցրել է թմրանյութերը լուծվող սուրճի, ամուսինը` թեյի տոպրակներում։

Իրավախախտումների բացահայտմանն օգնել է թե՛ մաքսային ծառայողների պրոֆեսիոնալիզմը, թե՛ նրանց համագործակցությունը իրանցի գործընկերների և ռուս սահմանապահների հետ։ «Օգնել են նաև անմարդկային ջանքերը. անցյալ տարի ՊԵԿ-ն ընդլայնել է ծառայողական շների գլխաքանակը և նոր վարժասարքեր ձեռք բերել իր շնագիտական կենտրոնի համար»,- տեղեկացրեց Վարդանյանը։

Դիտվել է 11314անգամ
Վերջին լուրեր