Թուրքիան այլևս որևէ պատճառ չունի Հայաստանի հետ սահմանը փակ պահելու համար. ՀՀ ԱԳ նախարար
Վստահ եմ, որ Թուրքիան միջազգային հանրության ճնշման ներքո հետզհետե պետք է վերադառնա բնականոն գործընթացի: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԱԳ նախարար Արա Այվազյանը:
Այվազյանի խոսքերով, այլևս պատճառ չկա Հայաստանի հանդեպ կիրառել շրջափակումը, որը պայմանավորված էր Արցախում ստատուս քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով. «Թուրքիան այլևս որևէ պատճառ չունի Հայաստանի հետ սահմանը փակ պահելու համար»:
Պատգամավոր Գոռ Գևորգյանն իր հերթին ասաց, որ սահմանների շրջափակման հարցի կարգավորումը կարող է մեկ այլ բարդ հարցի առաջ կանգնեցնել Հայաստանին, քանի որ մենք գործ ունենք Թուրքիայի հետ: Պատգամավորը նաև հիշեցրեց զորավարժությունների մասին՝ հայտարարելով, որ դրանք սպառնալիք են:
Նախարարն իր պատասխանում ասաց, որ ցանկացած զորավարժություն մտահոգության առիթ է. «Մեր նպատակն է ամրապնդել Հայաստանի ու Արցախի անվտանգային մթնոլորտը: Մենք պետք է ձևավորենք բարենպաստ մթնոլորտ Հայաստանի շուրջ: Բնականաբար ապագայում ապաշրջափակումը ինչպես հնարավորություններ, այնպես էլ մարտահրավերներ է ստեղծելու: Մենք պետք է պատրաստ լինենք օգտվելու հնարավորություններից ու դիմակայելու մարտահրավերներին»: