Երկնքում չափազանց տեսարժան երևույթ է դիտվելու
ՄՈԼՈՐԱԿՆԵՐԻ ԵՌԱԿԻ ՄԻԱՑՈՒՄ
Մերկուրին, Յուպիտերը և Վեներան կհանդիպեն երկնքում
Վաղը՝ փետրվարի 13-ին՝ տյառնընդառաջի նախօրեին, երկնքում չափազանց տեսարժան երևույթ է դիտվելու՝ Մերկուրին, Յուպիտերը և Վեներան հանդիպելու են։ Այս մոլորակների նման միացում վերջին անգամ տեղի է ունեցել 2015թ-ին։ Այս մասին հայտնում է Բյուրականի աստղադիտարանի ֆեյսբուքյան էջը:
3 մոլորակի միացումները (եռակի միացումներ), ի տարբերություն երկու մոլորակի միացումների, հազվադեպ և հետևաբար ավելի հետաքրքրական երևույթներ են:
Իսկ ի՞նչ է մոլորակների միացումը։ Մոլորակների միացում կոչվում է երկնքում երկու կամ ավելի մոլորակների իրար մոտ դիտվելը՝ որպես կանոն, մի քանի աստիճան անկյունային հեռավորության սահմաններում (հիշեցնենք, որ Լուսնի անկյունային տրամագիծն է կես աստիճան): Միացումներ են կոչվում նաև մոլորակների և Լուսնի իրար մոտ դիտվելու երևույթները: 4-7 մոլորակների դեպքում դիտվում է այսպես կոչված «մոլորակների շքերթ», ինչը շատ հազվագյուտ երևույթ է: Հակառակ դրան երկու մոլորակների միացումներ շատ հաճախ են տեղի ունենում, օրինակ՝ 1 աստիճանի սահմաններում, որպես կանոն, լինում են տարեկան 5-6 անգամ (իսկ ավելի հեռու միացումներ` շատ ավելի հաճախակի):
Սակայն իրականում Լուսինը և մոլորակները տարածության մեջ շատ հեռու են միմյանցից․ երևացող «միացումը» Երկրից դիտելիս նրանց պրոյեկտված պատկերն է միայն։ Նույնիսկ մեզ ամենամոտ մոլորակները՝ Վեներան և Մարսը, պտտվելով իրենց ուղեծրերով, իրարից հեռու են լինում առնվազն 94 մլն կմ, իսկ հիմնականում՝ շատ ավելի։