Երևանում խոցելի շենքեր շատ կան, բազմաթիվ շենքեր կենտրոնում վեր են խոյանում մեկը մյուսի քիթ մտած և երկրաշարժի դեպքում դրանք իրենց բացասական դերը կխաղան․ Նիկոլայ Գրիգորյան
Փորձը ցույց տվեց, որ տարածաշրջանում սեյսմիկ ակտիվություն կա, սակայն մենք ունենք հիմնական չորս կարևոր խզվածքներ և շատ վտանգավոր է Գառնու, Սպիտակի, Սյունիքի խզվածքը, իսկ Փարաքարի խզվածքն իր առավելագույն ճիգն էր, որը մեծ հզորությունների երկրաշարժեր չի առաջացնում։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց Փրկարարական ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը՝ անդրադառնալով վերջերս գրանցված երկրաշարժին։
«Նույնիսկ սրա ավելի ակտիվացման դեպքում չի կարող ավելի հզոր շարժումներ ունենալ, իսկ սա նույնիսկ ուժեղ երկրաշարժերի թվին չէր պատկանում սա միջին երկրաշարժ էր, իհարկե, զգալի, անհանգստացնող, բայց դա ուժեղ երկրաշարժ չէր»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 15:29-ին, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Նիկոլայ Գրիգորյանը, անդրադառնալով Հայաստանում շենքերի սեյսմակայունության խնդրին, նախ ասաց, որ Սպիտակի երկրաշարժի ամենակարևոր խնդիրներից մեկը սխալ նախագծած շենքերն էին, որտեղ սխալ էր հաշվարկված շենքի վտանգը, երկրորդ խնդիրը շենքերի անորակ շինարարությունն էր։
«Մյուս պատճառը լրացուցիչ վերակառուցումներն էին և ներքին բարենորոգումներն էին, որոնք անում էին բնակիչները, ինչի արդյունքում հիմքերն էին կորում, միջնապատներն էին քարուքանդ անում, և հիմա էլ կարող ենք շրջել և նման բաներ կտեսնենք։ Սպիտակի երկրաշարժի վերլուծությունը ցույց տվեց, որ զոհերի 10 տոկոսի պատճառը այդ կցակառույցներն ու ապօրինի կառույցներն են և ապօրինի միջամտությունները»,–ասաց նա։
Նիկոլայ Գրիգորյանը նշեց, որ 1991 թվականից հետո, երբ ստեղծված Սեյսմիկ պաշտպանության ծառայություն, հետո Արտակարգ իրավիճակների վարչությունը, մշակվեցին սեյսմաանվտանգության նորմեր, որոնք հետագայում կատարելագործվեցին, կարելի է ասել, որ հիմա լավագույն նորմեր ունենք։
Ինչ վերաբերում է բարձրահարկեր կառուցելու հարցին, ապա նա նկատեց, որ աշխարհի շատ ավելի ռիսկային գոտիներում մինչև հարյուր հարկանի և ավելի շենքեր են կառուցում։ Նա նշեց, որ օրինակ Ճապոնիայում շենքերն այնքան սեյսմակայուն են, որ երկրաշարժի դեպքում մարդկանց խորհուրդ են տալիս մտնել շենքեր։
«Իսկ մեր շենքերը, որոնք կառուցել են մինչև երկրաշարժը, ավելի խոցելի են»,– ասաց նա և նշեց, որ չնայած դրան, այսօրվա մյուս խնդիրը շենքերի խտությունն է։
«Շենքերը բերել խցկել են իրար վրա, ինչը չի բխում պարզագույն անվտանգության կանոններից։ Բազմաթիվ շենքեր կենտրոնում վեր են խոյանում մեկը մյուսի քիթ մտած, մեկը մյուսի վրա հենված, և չեմ ասի, թե դրանք իրար վրա կփլվեն, սակայն ակտիվ միջամտության՝ և՛ օպերատիվ, և՛ շտապօգնության, և՛ մասնավորապես փրկարարների աշխատանքի համար դրանք լավագույն պայմաններ ստեղծել չեն կարող»,–ասաց նա և նշեց, որ երկրաշարժի դեպքում այս շենքերն իրենց բացասական դերը կխաղան, քանի որ խոցելի շատ շենքեր կան։
Հարցին, թե ինչպես է գնահատում ԱԻՆ–ի կողմից իրազեկումը, բնակիչների պատրաստվածությունը, ինչ ցույց տվեց այս երկրաշարժը, նա ասաց․ «Ինձ հանիրավի ԱԻՆ–ից դուրս հանեցին և որևէ մեկը չի կարողանում բացատրել, թե ես ինչու ԱԻՆ–ում չեմ և ես կոռեկտ չեմ համարում որևէ կարծիք հայտնել այնտեղ չեղած աշխատանքի մասին»։