16 / Փետրվար / 2021 : 12-48

Մասնագետը հերքում է, որ ՀՀ-ում գրանցված երկրաշարժը բիոլոգիական  զենքի կիրառման արդյունքում է եղել

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սոս Մարգարյանը հերքում է այն լուրերը, թե վերջին շրջանում Հայաստանի տարածքում գրանցված երկրաշարժերը բիոլոգիական զենքերի կիրառման արդյունքում են տեղի ունենում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ Մարգարյանը նշեց, որ տեղի ունեցած երկրաշարժերը տեկտոնական են, ինչը պայմանավորված է Հայաստանի սեյսմոակտիվ գոտում գտնվելով:

 
 «Փետրվարի 13-ին տեղի է ունեցել 4.7 մագնիտուդով երկրաշարժ, որը միջին ուժգնության է: Այն հարում է երևանյան խզվածքին: Վստահեցնում եմ, որ խոսք անգամ չի կարող լինել բիոլոգիական կամ այլ զենքի մասին, քանի որ դա մեզ հայտնի օջախներից է: Այն արտացոլվում է նաև սեյսմակայուն շինարարության նորմերի քարտեզում որպես վտանգի գոտի: Փարաքարի 1937 թվականի երկրաշարժը նույնպես հարում էր այդ խզվածքին: Այն, ինչ տեղի է ունեցել, լրիվ բնական երևույթ է»,- նշեց սեյսմոլոգը:

Փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 15:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:29-ին) ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք (Նուբարաշեն վարչական շրջանից մոտ 2 կմ հյուսիս) օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում՝ 4-5 բալ, իսկ Արագածոտնի, Շիրակի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։ Հայաստանում փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո արդեն գրանցվել է ավելի քան 110 հետցնցում:

Դիտվել է 57065անգամ
Վերջին լուրեր