Բնակարանային գողը տուժածի տանը ձվածեղ էր արել ու կոնյակ խմել
Ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները փետրվարի 13-ին տաք հետքերով Մասիս քաղաքում հանցանքի վայրում բռնել և վնասազերծել են բնակարանային գողին: Իսկ արդեն փետրվարի 15-ին Վանաձոր քաղաքի բնակիչ, 38-ամյա Արարատ Մկրտչյանի նկատմամբ դատարանը երկամսյա կալանքի որոշում է կայացրել:
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Նրան տեղափոխել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
Մասիսի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մի կասկածելի քաղաքացի Մասիս քաղաքի Նոր թաղամասի շենքերի մոտ շրջում էր ու անընդհատ շենքի պատուհաններն էր տնտղում: Կարճ ժամանակ քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկաները 9-րդ շենք 38-րդ բնակարանում վնասազերծել են գողին:
Տունն ամբողջովին տակնուվրա արած է լինում, իսկ գողը նշված տուն էր մտել՝ հարմարեցված բանալիով բացելով տան դուռը: Տանտերերը այդ պահին տանը չեն եղել, իսկ կասկածյալը, ով Վանաձոր քաղաքի բնակիչ, 38-ամյա Արարատ Մկրտչյանն է, մի քանի ժամ դարանակալել էր և, երբ համոզվել է, որ տան տերերը դուրս են եկել տանից ու մեկնել աշխատանքի վայր, մտել էր տուն և ողջ տունը տակնուվրա արել, սակայն չէր հասցրել ավարով դուրս գալ:
Աղբյուրի տեղեկություններով, կասկածյալ Ա. Մկրտչյանը ոստիկանության Մասիսի բաժնից ներկայացվել էր Մասիսի քննչական բաժին:
Կայքի հետ զրույցում տանտիրուհին ասել էր. «Ամեն օր գնում եմ աշխատանքի: Էսօր գործիս տեղն էի, երբ ոստիկանության աշխատողը եկավ, թե բա՝ միասին պետք է գնանք ոստիկանություն: Զարմացա, ոչ մի հակաօրինական բաներ չեմ անում, խի՞: Ու ահը սրտիս եկա Մասիսի ոստիկանություն, որտեղ էլ իմացա, որ մեր տուն գող ա մտել ու գողին միլիցեքը տան մեջ բռնել են: Հետո արդեն էկա տուն, մնացի կարկամած: Ողջ տունը տակնուվրա էր արված: Էդ սրտամեռ գողը տունը թալանելու ժամանակ էլ ձվածեղ է արել, նստել, կերել, կոնյակը խմել: Իմ շնորհակալանքի խոսքն եմ ուղղում ոստիկաններին ու քննիչներին»: